ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես համաձայնել է երկրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը: «Ես ընդունում եմ նախագահական պաշտոնի համար պայքարելու ձեր առաջարկը», - ասել է նա սեպտեմբերի 6-ի երեկոյան Շառլոթում Դեմորատական կուսակցության համագումարում:

51-ամյա Օբամայի թեկնածութունն առաջադրվել էր մեկ օր առաջ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կողմից: Նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նախագահ պետք է դառնա Միշել Օբամայի ամուսինը: Երկրի 50 նահանգների պատվիրակները հաստատել էին Օբամայի թեկնածությունը Դեմոկրատական կուսակցությունից:

Իր ելույթում գործող նախագահը վստահեցրել է, որ նոյեմբերի 6-ի ընտրություններին հաղթանակի դեպքում կանի ամեն ինչ երկրի հետագա բարգավաճումն ապահովելու համար: «Մեր խնդիրները կարող են լուծվել, խոչընդոտները` հաղթահարվել», - ասել է նա,  հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Օբաման կարծիք է հայտնել, որ իր հակառակորդ Միթ Ռոմնին պատրաստ չէ միջազգային քաղաքականություն վարելուն, հաղորդում է  «lenta.ru»-ն: