ՌԴ նախագահի  մամուլի քարտուղարն անկեղծ զարմանք է արտահայտել այն փաստի առթիվ, որ  «համացանցային հանրության մի մասը» կռունկների առաջնորդի դերում դելտապլանով թռչելու Վլադիմիր Պուտինի գաղափարը համարել է ծիծաղելի:

«Համացանցային միջավայրի մի հատվածի արձագանքն իրոք ապշեցուցիչ է, երեւում է, դեռ արձակուրդային տրամադրության տակ են, չեն ցանկանում նորություններ ընկալել եւ պատրանքների մեջ են ընկնում, որը շատ հաճախ հատում է մարազմի սահմանը», - ասել է նա:

Պեսկովն ընդգծել է նաեւ, որ հենց Պուտինն է նախաձեռնել թռչունների փրկության նախագիծը:

Ինչպես հաղորդել էր  NEWS.am-ը, լուրը, որ Վլադիմիր Պուտինը կթռչի կռունկների առաջնորդի դերում, տառացիորեն պայթեցրել էր ռուսական բլոգոսֆերան:  

Ռունետում կատակում էին, թե Պուտինը կռունկներից մեկին նախագահի լիազոր անձ արդյոք կդարձնի՞, կամ կռունկները երամո՞վ են թռչելու, թե՝ խաչաձեւ, կամ էլ, թե ի՞նչ կարգով են կռունկները թռչելու՝ էկոնոմ, թե՝ բիզնես։ Բլոգերները նաեւ ծովախեցգետնի պատկերով դեմոտիվատորներ էին տարածել, որոնց վրա նշված էր` «սողալու համար ծնվածը չի կարող թռչել»։

Բլոգերներին հատկապես շատ էր դուր եկել հաղորդագրության այն հատվածը, որը վերաբերում է թռիչքի համար նախատեսված նախագահական հանդերձանքին։ Պուտինին զգեստավորելու էին սպիտակ խալաթով, սաղավարտով եւ կտուցով, որպեսզի կռունկները նրան երամի առաջնորդի տեղ դնեն։ Բլոգերներից Յուրի Սապրիկինը Facebook-ում նշել էր. «Պուտինը կռունկների երամի առաջնորդ դառնալու համար, բացի խալաթից, սաղավարտից եւ կտուցից, պետք է նաեւ կռունկի ձայներ հանի»։ Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին ավելացրել էր, թե կռունկների  ձայներ հանելու համար պաշտոնով ավելի համապատասխանում է նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը չի հստակեցրել, թե այս կատակներից հատկապես որն է «մարազմ» թվացել: Ի դեպ, թռիչքի ժամանակ Պուտինը կտուց չի դրել: