«Նորվեգացի հրաձիգ» Անդերս Բրեյվիկի դատավճիռն ուժի մեջ է մտել 2012 թվականի սեպտեմբերի 8-ից: Բրեյվիկը չի էլ փորձել այն բողոքարկել, նա համաձայն է դատավորի որոշմանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին դատարանը նրան ճանաչել էր մեղսունակ։ Նա մեղավոր էր ճանաչվել  2011 թվականի հուլիսի 22-ին կրկնակի ահաբեկչություն գործելու մեջ, ինչի արդյունքում  77 մարդ էր զոհվել։ Բրեյվիկին դատապարտել են 21 տարվա ազատազրկման:

Դատավորը հայտնել էր, որ 21 տարվա բանտարկության ավարտից հետո էլ Բրեյվիկը կարող է վտանգավոր լինել հասարակության համար եւ անհրաժեշտ կլինի երկարացնել ժամկետը` ամեն անգամ 5 տարով:

Դատավճռի կայացումից հետո Բրեյվիկը հայտարարել էր, որ այն չի բողոքարկի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սեպտեմբերի 7-ին փաստաբանները ահաբեկչին այցելել են բանտում: Նրանք հայտնել են, որ Բրեյվիկը որոշումը չի փոխել: «Ոչ մի կասկած չկա, որ հուլիսի 22-ի ահաբեկչությունների գործում վերջակետ է դրվել: Մենք կարծում ենք, որ դատավճիռը ճիշտ է, եւ ուրախ ենք, որ ամեն ինչ ավարտվել է», - ասել է պաշտպան Գեյր Լիպեստադը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ընդ որում, Լիպեստադը նախազգուշացրել է, որ ծայրահեղականության վտանգն ինչպես երկրում, այնպես էլ Եվրոպայում չի վերացել: