Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը, մասնակից բոլոր ստորաբաժանումների ամբողջական ներգրավմամբ,  սեպտեմբերի 19-ին կհատի եզրագիծը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 17-ին Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում տեղի է ունեցել զորավարժության գլխավոր փորձը` մարտական հրաձգությամբ, որին հետեւել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, մասնակից երկրների, ինչպես նաեւ ՀԱՊԿ քարտուղարության, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի  ներկայացուցիչները եւ այլք:

Գլխավոր փորձի ընթացքում ստորաբաժանումները ներդաշնակ եւ փոխհամաձայնեցված փորձարկել են զորավարժության սցենարը: Արդյունքները գոհացուցիչ էին եւ զորախմբերը գնահատվել են որպես պատրաստ միացյալ ուժերով «Փոխգործակցություն-2012» զորավարժության վճռական փուլին մասնակցելու համար: