Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաք նահանգի Ուլուդերեյի շրջանում PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալները թուրքական անվտանգության ուժերի հետ բախման ընթացքում ցած են գցել անօդաչու թռչող սարք:
Քրդական ANF գործակալությունը հայտնում է, թե PKK-ի զինյալները սեպտեմբերի 18-ի առավոտյան հարձակում են ձեռնարկել Ուլուդերեյի շրջանում տեղակայված զինվորական կետի դեմ, որի ժամանակ սպանվել են 4 թուրք զինվորականները:
Նշվում է, որ PKK-ի հարձակման ժամանակ բախման վայր է մոտեցել անօդաչու հետախուզական թռչող սարք, որը խփվել է PKK-ի կողմից:
Թուրքական Hurriyet-ը նշում է, թե ANF-ի ներկայացրած լուսանկարներում խփված թռչող սարքը Ինջիրլիքի ամերիկյան ռազմաբազայում գտնվող Predator հետախուզական թռչող սարքերից մեկն է, որոնք Իրաքից բերվել էին Թուրքիա: Ամերիկյան կողմը PKK-ի դեմ պայքարում հետախուզական տվյալներով աջակցում է Թուրքիային եւ այդ թռչող սարքերն օգտագործվում են PKK-ի դեմ:





































