Չեչնիայում մայրաքաղաքի օրվա եւ Ռամզան Քադիրովի ծննդյան տարեդարձի արարողություններին մասնակցել են հայտնի դերասաններ Ժերար Դեպարդյեն եւ Մոնիկա Բելուչին:
Ըստ չճշտված տվյալների` հանդիսությանը մասնակցել են շոու բիզնեսի նաեւ այլ ներկայացուցիչներ: Քադիրովի հյուրերի շարքում նշվում են իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին, երաժիշտներ Սթիվ Էդվարդսը, Ինգրիդը, Վալերի Մելաձեն, Դիանա Գուրցկայան, «Սերեբրո» խումբը, հաղորդավարներ Լեոնիդ Յակուբովիչը եւ Յանա Չուրիակովան, գրում է rbc-ն:
Չեչնիայի մայրաքաղաքի օրվա հանդիսավոր տոնակատարությունը մեկ տարի առաջ սկանդալի էր վերածվել: Այն ժամանակ Ռամզան Քադիրովի հրավերով քաղաք էր այցելել հոլիվուդյան դերասանուհի Հիլարի Սուոնկը, որը հայտարարել էր, թե Գրոզնու բնակիչները նյույորքցիներից ավելի լավ են հագնվում: Աստղի ելույթը համաշխարհային իրարանցում էր առաջացրել: Մեկ շաբաթ անց Հիլարի Սուոնկը հայտարարել էր, որ ափսոսում է Չեչնիա կատարած այցի համար: Բացի նրանից, մեկ տարի առաջ Գրոզնի էր այցելել նաեւ ջութակահարուհի Վանեսա Մեյը: Քադիրովի ծննդյան օրը տեսել էին նաեւ Ժան Քլոդ Վան Դամին: Լրատվամիջոցները հայտնել էին, որ Վ. Մեյը մեկ այցի համար Քադիրովից ստացել էր 500 հազար դոլար:





























