Այսօր Գյումրիի տոնը նշելիս, 13 տարվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մի քանի ցնցող հայտարարություններ է արել, տեղեկացնում է «Առավոտը»: Նա նախևառաջ իր պաշտոնանկանության մեջ մեղադրել է լրատվամիջոցներին` ասելով, թե «ես ձեր պատճառով էս օրը ընկա, դուք ինձ հանեցիք»:
Լրագրողները նրանից հետաքրքրվել են, թե 4 տարի հետո պարոն Ղուկասյանը կմտնի՞ ընտրապայքարի մեջ, որին ի պատասխան քաղաքապետն ասել է. «Հոգեպես հիմա չեմ ուզում պետական կառույցում աշխատել, որովհետև ոչ թե աշխատանքն է ինձ համար ծանր, աշխատանքը ինձ համար շատ հեշտ է , ուղղակի ձեր կառույցների, լրատվության դավը, խարդավանքները, ինձ ավելի էսպես հիասթափեցրեց 4-րդ իշխանությունը, և էն սատանեքը, որոնք մշտական ճշմարիտ գործի թշնամիներ են»:
Նոր քաղաքապետ Սամվել Բալասանյանին նա ցանկացել է «աշխարհի տակի ամենալավ բաները, ոնց որ էդ գործարանը իրեն տվեցի, որ կառուցապատեր, սարքեր, ամեն ինչ աներ, տա Աստված որ էնքան հնարավորություն ունենա, որ գա իմ չերածներն էլ ինքը հասցնի, ինձանից ավելի լավ աշխատի, մենք էլ կողքից նայելու ենք, որովհետև շեն օջախ ենք տալիս, երբ իմ կարիքը զգան, ես պատրաստ եմ օգնելու, սատարելու»:
Անդրադառնալով Գյումրիից հեռանալու մասին լուրերին, Վ. Ղուկասյանն ասել է. «Ես ո՞ւր եմ գնալու, ես գյումրեցու թոռ եմ, իմ պապերի գերեզմանները էստեղ են, ես ոչ մի տեղ չեմ գնալու, ես էստեղ մնալու եմ, բայց բիզնեսով զբաղվելու ենք, ուրեմն շատ երկրների հետ շատ աշխատանքներ ունենք, անելու ենք ու մեծացնելու ենք, ես պետական կառույցներում չեմ աշխատելու»:





























