Գյումրու հեռացող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր այսպես ասած վերջին հաշվետվությունն է ներկայացրել այսօր եւ մի քանի ուշագրավ հայտարարություններ արել, տեղեկացնում է «Առավոտը»:

Անդրադառնալով իր պաշտոնավարման 13 տարիներին, նա մասնավորապես ասել է. «Եթե հարցնեն, թե էդ 13 տարիների ընթացքում ի ՞ նչ արեցիր, առաջին խոսքը ես կասեմ, որ քաղաքապետարանի և բնակչության մեջ ղեկավարի, չինովնիկի, և ժողովրդի միջի անդունդը մենք վերացրեցինք:

Ամենամեծ ձեռքբերումներից մեկը եղավ այն, որ ես կենտրոնական հեռուստատեսությամբ ասում էի, թե եկեք քաղաքի կենտրոնական հատվածներում կարող եք հողակտորներ վերցնել, շենք-շինություններ վերցրեք, մեծ ներդրումներ արեք: Բայց, ցավոք սրտի, էդ ժամանակ սարսափելի էր վիճակը, և ի ի՞նչ ստացվեց, ստացվեց, որ էսօր քաղաքում չկա հողակտոր` ի ուրախություն բոլորիս: Դրա համար պետք է շքանշանով պարգևատրեն էս քաղաքապետին, ոչ թե վատ զգան, թե գիտեք հող չկա, որ մենք վաճառենք ժողովրդին: Այսինքն, դա հսկայական ներդրում է, որ Հայաստանի Հանրապետության , Երևանը չհաշվարկած, բոլոր քաղաքները և գյուղերը միասին մասնավորի կողմից էդքան ներդրում չի արվել, ոնց որ Գյումրի քաղաքում: Դա նրանից էր, որ առանց քաշքշուկի, առանց տանել-բերելու, առանց հախերի կարողացանք մարդկանց հողհատկացում անել, և Փառք Աստծո, էսօր 85 միլիարդ դրամի մասնավորը շինարարություն է արվել, և եթե փոխանցիկ շինարարությունն էլ հաշվարկենք` 100 միլիոն դրամից կանցնի էն կողմ:Մեր ամենամեծ ձեռբերումներից մեկը ես համարում ես սա»:

Նա հայտարարել է, թե 40 հազար տնակ է վերացրել քաղաքից. Եվ երբ ասում էի, որ գալիս եմ մարդկանց տնակներից դուրս հանեմ. 40 հազար տնակ վերացրեցինք էս քաղաքի երեսից, 40 հազար , պատկերացրեք ինչ թիվ է:Եվ էդ ամեն ինչի մեջ ես ասում էի, որ պետք է կարողանամ վերջին գյումրեցին ստանա իր բնակարանը, և էդ գյումրեցուն պետք է մեքենայի բանալիները հանձնեմ իմ ձեռքով:Չհասցրեցի, իհարկե շինարարությունը ավարտվում է, բայց մեքենան չեմ հասցրել, խոսք եմ տալիս վերջին գյումրեցուն , քաղաքապետ էլ չլինեմ, մեքենայի բանալիները Ղուկասյանների ընտանիքից հանձնելու եմ»:

Նա նաեւ ասել է, թե դժվար էր լինել «այս շնորհաշատ քաղաքի» քաղաքապետ. «Պետք է պատասխան տաս Ավետիք Իսահակյանի թոռի առջև, Շիրազի տղաների, երեխաների առջև, պատկերացրեք մեր շնորհաշատ, վաստակաշատ քաղաքում պետք է պատասխան տաս, որ մեծերը վերադառնան ու փոքր եղբորն ասեն` քաղաքը քանդեցի ՞ ր, թե ՞ շինեցիր: Դե, Փառք Աստծո, մեր բոլոր մեծերի խոսքերից և ծափահարություններից զգում էինք, որ կարողացանք քաղաքը կառուցապատել, ի ուրախություն բոլորի, մեծամտություն չհամարեք»: