Համացանցային eBay աճուրդում վաճառքի է հանվել հայտնի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի նամակն Աստծո մասին: Սակարկությունն սկսվում է հոկտեմբերի 8-ին եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 18-ը: Փաստաթղթի նախնական գինը 3 միլիոն դոլար է: Նամակը հասցեագրված է փիլիսոփա Էրիխ Գուտկինդին: Ավելի վաղ նա Էյնշտեյնին ուղարկել էր իր «Ընտրիր կյանքը. հարության աստվածաշնչյան կոչը» աշխատությունը`խնդրելով կարծիք հայտնել: Պատասխանում ֆիզիկոսը գերմաներենով իր տեսակետն է հայտնել Աստծո եւ Աստվածաշնչի մասին, գրում է «Նովիե Իզվեստիան»:
Նամակում ասվում է, որ «հրեաների եւ քրիստոնյաների Սուրբ գիրքը ոչ ավելին է, քան «պատվական, բայց, միեւնույն է, պարզունակ լեգենդների հավաքածու, որոնք, այնուամենայնիվ, բավական մանկական են (բովանդակությամբ)», մեջբերում է utro.ru-ն:
Հուդայականության մասին խոսելով, որի հետեւորդն էր ծննդյան պահից, Էյնշտեյնը նշում է, որ իր համար կրոնը «մանկական նախապաշարումների մարմնացում է»:
Ֆիզիկոսը հպարտ էր, որ հրեա է, սակայն իր ազգին առանձնահատուկ չէր համարում: Կյանքի վերջում Էյնշտեյնը հետաքրքրվում էր տիեզերական գործընթացների առեղծվածային բնույթով, նա պնդում էր, որ «Գիտությունն առանց կրոնի խաբեություն է, կրոնն առանց գիտության կույր է», գրում է pravda.ru-ն: Նամակը գրվել եւ ուղարկվել է 1954 թվականի հունվարին: Էյնշտեյնի մահից հետո այն հայտնվել է մասնավոր հավաքածուում, որտեղ մնացել է 50 տարի: 2008 թվականին այն աճուրդի էր հանվել Լոնդոնում եւ վաճառվել 404 հազար դոլարով:




























