Թուրքիայում իշխանությունների եւ ոստիկանության գործողությունների դեմ հաքերային հարձակումներով հայտնի REDHACK հաքերների խմբի 7 անդամի դեմ դատախազությունը մեղադրանք է ներկայացրել՝ պահանջելով 8-ից 24 տարվա ազատազրկում։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Անկարայի դատախազությունն ավարտել է 2012-ի մարտի 20-ին ձերբակալված 7 հոգու դեմ կազմված մեղադրական զեկույցը, որտեղ ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել «զինված խմբավորման անդամ լինելու», «գաղտնի տեղեկություններ հրապարակելու» եւ այլ հոդվածներով։ Մեղադրական զեկույցում նշվել է, թե ուսումասիրությամբ պարզ է դարձել, որ REDHACK-ն իր կառուցվածքով նման է ահաբեկչական կազմակերպության։

Նշենք, որ REDHACK-ի մի շարք հարձակումների հետեւանքով ժամանակավորապես դադարեցվել էին Թուրքիայի ՆԳՆ կայքը, ոստիկանության նահանգային կառույցների կայքերը, Արդարադատության նախարարության կայքը եւ պետական համակարգի այլ կայքեր։

Որոշ հաքերային հարձակումներ REDHACK-ն իրականացրել է միջազգային Anonymous հաքերների խմբի հետ համատեղ։