Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամներին` ուղեկցությամբ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի:
Հանդիպմանը կազմակերպության նախագահ, Բիմսթերի (Նիդերլանդներ) քաղաքապետ Հարրի Բրինքմանը նրան ներկայացրել է կազմակերպության կողմից կատարվող աշխատանքները, ինչպես նաեւ ուրախություն հայտնել Էջմիածին քաղաքի տոնի օրը Հայաստանում գտնվելու առիթով:
Ողջունելով կազմակերպության տնօրենների խորհրդի անդամների այցը հայոց հոգեւոր կենտրոն` Գարեգին Բ-ն կարեւորել է կազմակերպության առաքելությունը` ի խնդիր պատմական քաղաքների հոգեւոր-մշակութային արժեքների պահպանության: Խոսելով Հայաստանի պատմամշակութային արժեքների մասին` նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում յուրահատուկ վերաբերմունք է դրսեւորել իր արժեքների նկատմամբ եւ, հակառակ դարերի ընթացքում կրած կորուստների եւ ավերածությունների, ջանք չի խնայել վերականգնելու եւ նորոգելու իր սրբավայրերն ու պատմական հուշարձանները: Անդրադառնալով հարուստ պատմական ժառանգության պահպանման ուղղությամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող միջոցառումներին` Կաթողիկոսը նշել է, որ Եկեղեցին իր սուղ միջոցներով անում է հնարավորը` հայրերից ստացած ժառանգությունն անխաթար ու ամուր պահելու եւ այն նոր սերունդներին փոխանցելու համար:
Իր խոսքում Գարեգին Բ-ն, ուրախություն հայտնելով Էջմիածին քաղաքի եւ կազմակերպության միջեւ ձեւավորված համագործակցության առիթով, վերստին իր գնահատանքը հայտնեց ներկաներին` համամարդկային արժեքների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության եւ հոգատարության համար:




























