Կիպրոսում մեկնարկած Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի (ՀԽՀԿ) գործկոմի նիստի շրջանակում Գործադիր մարմնի անդամները  հանդիպել են հայ առաքելական եկեղեցու Կիպրոսի թեմի առաջնորդ Վարուժան Արքեպիսկոպոս Հերքելյանին, ապա ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին:

Նիստի մասնակիցները այցելել է նաեւ Նարեկ վարժարան, որտեղ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը գրառում է կատարել պատվավոր այցելուների գրքում:

Օրվա ավարտին պատվիրակությունն այցելել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Նիկոսիայի ակումբ: Հ.Բ.Ը.Մ.-ում ի դեմս ատենապետ Վիգեն Քեստելյանի մեծ ընդունելություն է կազմակերպվել Մելքոնյան վարժարանում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Կիպրոսի Հանրապետության Լարնակա քաղաքում իր աշխատանքներն է սկսել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր կոմիտեի նիստը: Նիստին մասնակցել են գործկոմի անդամները, ինչպես նաև Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը:

Նիստի ընթացքում որոշում է կայացվել 2014 թ. ձմռանը Ծաղկաձորում անցկացնել Համահայկական ձմեռային առաջին խաղերը: Խաղերի ծրագրում ընդգրկվելու են դահուկ, լեռնադահուկ, սնոուբորդ և հոկեյ մարզաձևերը: Բացի մրցութային ծրագրից, լինելու են նաև ցուցադրական ելույթներ: