ԱՄՆ-ում մինչեւ հոկտեմբերի 8-ը սնկային մենինգիտից մահացել է արդեն յոթ մարդ, եւս 90 մարդ վարակված է հիվանդությամբ ԱՄՆ-ի յոթ նահանգներում: Medical News Today-ի փոխանցմամբ՝ տվյալները հրապարակել է Հիվանդությունների պրոֆիլակտիկայի եւ վերահսկման ամերիկյան կենտրոնը (CDC): Նույն կենտրոնը հոկտեմբերի 4-ին հաղորդել էր վեց նահանգներում 35 վարակվածների եւ հինգ զոհի մասին:

CDC-ն տեղեկացնում է, որ հիվանդրության դեպքեր են արձանագրվել Ֆլորիդա, Ինդիանա, Մերիլենդ, Միչիգան, Հյուսիսային Կարոլինա, Թեննեսի եւ Վիրջինիա նահանգներում: Հիվանդներից 9-ի մոտ բիոլոգիական հեղուկում, բացի Aspergillus տեսակի սնկից, հայտնաբերվել է նաեւ Exserohilum սունկը:

Մահվան բարձր մակարդակ ունեցող մենինգիտի այս տեսակով բոլոր հիվանդները վարակվել են մեթիլպրեդնիզալոն ացետատ ողնուղեղի հորմոնային պրեպարատ ներարկվելուց հետո: Ողնաշարում ցավերի նվազեցման համար նախատեսված պրեպարատը վարակված է եղել Aspergillus տեսակի սնկով: Դեղամիջոցը արտադրել է New England Compounding Center (NECC) ընկերությունը, որը գտնվում է Մասաչուսեթս նահանգի Ֆրեյմինհեմ քաղաքում: Ներկայումս NECC-ի ամբողջ արտադրանքը հետ է կանչվել եւ ստուգվում է:

Փորձագետները սպասում են հիվանդության դեպքերի աճ, քանի որ մենինգիտ այս տեսակի ինկուբացիոն շրջանը տեւում է մինչեւ չուրս շաբաթ, իսկ ներարկումները կատարվել են մինչեւ սեպտեմբերի 18-ը: