Օրեր առաջ դանաահարութուն է տեղի ունեցել Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում: Ոստիկանությունից հաստատել են NEWS.am-ի Լոռիի թղթակցի այս տեղեկությունը, նշելով, որ Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասից հոկտեմբերի 6-ին Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Պետրոս Պետրոսյանը:
NEWS.am-ի տեղեկություններով, Պետրոս Պետրոսյանը մոտ 52 տարեկան է, եւ հիվանդանոց է տեղափոխվել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, այդ թվում՝ դանակահարված: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Պ. Պետրոսյանը Տարոն-4 թաղամասի «Ածխահատներ» կոչվող հատվածի «Զեյթուն» համատիրության ղեկավար Ալբերտ Պետրոսյանի հայրն է: Շրջանառվող լուրերի մեջ որպես դանակահարության մասնակից նշվում է նաեւ Տարոն-4 թաղամասի մեկ այլ՝ «Տարոն-4» համատիրության ղեկավարի անունը:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում «Զեյթուն» համատիրության ղեկավար Ալբերտ Պետրոսյանը հաստատեց դանակահարության փաստը: «Այո, հորս դանակահարել են, սա պարզապես դժբախտ պատահար էր»,-ասաց նա: Այն հարցին, թե արդյոք սա երկու համատիրությունների մեջ ծագած վեճի արդյո՞ւնք է, թե՞ սովորական «տղայական ռազբորկա», համատիրության ղեկավարը պատասխանեց, որ գործնական որեւէ խնդիր չկա, սա պարզապես դժբախտ պատահար է, եւ որ ինքը չգիտի, թե ով է դանակահարողը:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ոստիկանությունից նաեւ հայտնեցին, որ դեպքի առթիվ Լոռիի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ. Քր.օր.-ի 112 հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Դեռեւս ձեբակալվածներ չկան, իսկ Վահագն Ավագյանի՝ գործով որպես կասկածյալ ներգրավված լինելու եւ այժմ հետախուզման մեջ գտնվելու լուրերը հերքեցին, նշելով, որ որեւէ մեկի հանդեպ հետախուզում հայտարարված չէ:





























