Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 8-ին, դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան գործով դատաքննությունը: Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ N զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսեւորելով ծառայության նկատմամբ չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:
Իսկ Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` նույն զորամասի հրամանատար` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսեւորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս: Դատավոր Վլադիմիր Գրիգորյանի որոշեց, որ դատաքննության ընթացքում նախ հարցաքննվելու են վկաները, ապա տուժողի իրավահաջորդը, ապա հետազոտվելու են գործի նյութերը, որից հետո հարցաքննվելու են ամբաստանյալները: Արմեն Պետրոսյանը, ով հարցաքննվում էր որպես վկա, ասաց, որ զինծառայող Հայկ Խաչատրյանը մեր երկրի Սահմանադրությամբ պետք է շտապ տեղափոխվեր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց եւ պետք է ստանար լիարժեք բուժում, սակայն նրա այդ իրավունքը ոտնահարվել է:





























