Ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հարցազրույցին:
«Ընթերցեցի Օսկանյանի հարցազրույցը:
Արդեն որերորդ անգամ է իմ գործընկերը փորձում մտնել քաղաքական «հալածյալի», «հետապնդվողի», «խարազանվողի» կարեկցանք հարուցող կերպարի մեջ: Եւ նորից` ապարդյուն:
Ինչ-որ մի բան հուշում է մեզ, որ այդ նպատակը անբնական է, իրականությանը չհամապատասխանող: Իսկ գործադրվող ջանքերն` անարդյունավետ:
Քաղաքականությունն ու հարուցված հայտնի գործը զուգահեռ հարթություններ են, որոնք Վ. Օսկանյան կետում չեն խաչվում:
Դատապարտելի է քաղաքականությունը տվյալ դեպքում որպես վահան, կամ նախահարձակ լինելու համար հարմար թուր օգտագործելու գործելաոճը: Հատկապես, եթե մոտ ապագայում նախագահական ընտրություններին առաջադրվելու տենչանք ունես: Ինչպես կասեր Հուլիոս Կեսարը` Կեսարի կինը պետք է կասկածից դուրս լինի...»,-գրում է նախարարը:
Նշենք, որ Վ. Օսկանյանը Civilnet.am-ին տված հարցազրույցում կրկին պնդել է, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում: Նա նաեւ հայտարարել է, որ ԲՀԿ-ն առաջիկա նախագահական ընտրություններում պետք է հանդես գա սեփական թեկնածուով եւ դա պետք է լինի Գագիկ Ծառուկյանը: Սակայն, եթե վերջինս չհամաձայնի, եւ ԲՀԿ-ն կանգնի Օսկանյանի թեկնածության վրա, վերջինս պատրաստ է ստանցնել այդ պատասխանատվությունը:





























