Աթենքում ձերբակալվել են ցույցերի 214 մասնակիցներ, որոնք բողոքում էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի դեմ: Անկարգությունները վերաճել են ոստիկանության հետ բախումների:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Աթենքում ցույցերին մասնակցել է 50 հազար մարդ: Նրանք ազգային ղեկավարությունից պահանջում էին դադարեցնել վարկատուների օգտին բյուջեի ծախսերի կրճատումը, Գերմանիայի կանցլերից էլ պահանջում էին չմիջամտել երկրի տնտեսական քաղաքականությանը: Նշենք, որ ԳԴՀ-ն եվրոպական բոլոր հակաճգնաժամային մեխանիզմների խոշորագույն «հովանավորն» է համարվում: Հիշեցնենք, որ ցուցարարների մի խումբ նացիստական համազգեստ էր հագել:
Ըստ ոստիակնության տվյալների` մի քանի մարդ վիրավորվել են: իրադրությունը բարդացել է այն ժամանակ, երբ ակտիվիստների մի խումբ փորձել էր ներխուժել երկրի վարչապետի նստավայր, որտեղ այդ պահին առաջնորդների հանդիպումն էր տեղի ունենում:
Ա. Մերկելը ոչ մի կերպ չի մեկնաբանել կատարվածը, հայտարարելով, որ ժամանել է Աթենք, որպեսզի տեղում ծանոթանա, թե ինչպես է ընթանում տնտեսական վերաձեւավորման գործընթացը, հաղորդում է rbc-ն:
Հիշեցնենք, որ ներկայումս վարկատուների «եռյակի» պահանջով (ԵՄ, Եվրոպական կենտրոնական բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ) Հունաստանի կառավարությունը ծախսերի լրացուցիչ կրճատում է իրականացնում՝ 12 միլիարդ եվրոյի չափով: Նման քաղաքականությունը շարունակվում է արդեն 5-րդ տարին, որը հանգեցրել է աղքատության, կենսամակարդակի վատացման եւ գործազրկության աճի:





























