Լոս Անջելեսի դաշնային դատարանը հոկտեմբերի 10-ին որոշել է մինչեւ վերջնական վճռի կայացումը կալանքից չարձակել «Մահմեդականների անմեղություն» ֆիլմի պրոդյուսեր Մարկ Բասսելի Յուսեֆին, ով հայտնի է Նակուլա Բասսելի Նակուլա անվամբ:
55-ամյա տղամարդը կտրականապես հերքում է իր մեղքը եւ առաջադրված բոլոր մեղադրանքները:
Հիշեցնենք, որ Յուսեֆը ձերբակալվել է պայմանական պատժի ժամկետի պայմանները խախտելու մեղադրանքով: 2010 թ-ին նա բանկային քարտերով մեքենայությունների համար բանտային ազատազրկման է դատապարտվել եւ զրկվել է 5 տարվա ընթացքում ինտերնետից օգտվելու իրավունքից: 2011 թ-ին օրինակելի պահվածքի համար նա ազատ է արձակվել փորձարկման ժամկետով:
Դատախազը պնդում է, որ հենց այս մարդն է խախտել փորձարկման ժամկետը` Սեմ Բեյսիլ անվան տակ «Մահմեդականների անմեղություն» ֆիլմի հոլովակը տեղադրելով ինտերնետում: Ընդ որում Յուսեֆին արգելվել է ինտերնետ մտնել առանց հատուկ թույլտվության: Եթե դատախազին հաջողվի ապացուցել հոլովակը ինտերնետում տեղադրելու հարցում նրա մասնակցությունը եւ այլ խախտումներ, ապա կասկածյալը ստիպված կլինի բանտ վերադառնալ, գրում է «Վեստի.ru»-ն:
Ֆիլմի երկրորդ համահեղինակ Ջոզեֆ Նասրալան վստահեցնում է, որ 14 րոպեանոց հոլովակը ոչ մի կապ չունի ֆիլմի նախնական մտահաղացման եւ այն աշխատանքի հետ, որը կատարել են դերասանները: Նակուլան անձամբ է մոնտաժել ֆիլմը` ավելացնելով նոր երկխոսություններ` առանց ստեղծագործական խմբի իմացության: «Մահմեդականների անմեղություն» ֆիլմը բողոքի մեծ ալիք է առաջ բերել մահմեդական մի շարք երկրներում, ինչի արդյունքում գրանցվել են հարյուրավոր վիրավորներ եւ մահացության դեպքեր: Լիբիական Բենղազի քաղաքում սպանվել է ԱՄՆ-ի դեսպանը եւ եւս երեք ամերիկացիներ:




























