Հայազն Միությունը պահանջում է շտապ ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրել Սիրիայում գտնվող հայերին:
Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հայտնի է, որ Սիրիայում եւ հատկապես Հալեպ քաղաքում կյանքի համար անտանելի պայմաններ են: Բնական է, որ մեծ թվով հայեր ուզում են հեռանալ երկրից` այդ թվում դեպի Հայաստան: Սակայն նրանցից շատերը այլեւս զրկված են այդ հնարավորությունից ճամփորդական փաստաթղթեր չունենալու պատճառով: Ելքի իրավունքով անձնագիր տրամադրող սիրիական իրավասու մարմինները վաղուց չեն գործում: Մինչ այդ կյանքի պայմանները եւ սպառնալիքները սաստկանում են:
Հայաստանի պաշտոնատարները բազմիցս պնդել են, թե իրավիճակի վատթարացման դեպքում, հայրենակիցների փրկության նպատակով պատրաստ են արտակարգ քայլեր ձեռնարկել: Դրանք մեծամասամբ արդեն ուշացած են եւ մեր հայրենակիցները թողնված են բախտի քմահաճույքին: Սակայն նրանցից շատերին կարելի է օգնել տրամադրելով երկրից հեռանալու ճամփորդական փաստաթուղթ: Այլ կերպ ասած, բազմաթիվ սիրիահայեր Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կարիք ունեն: Անձնագրերի տրամադրման պայմանները իհարկե քննելի են տեղի ազգային-եկեղեցական մարմինների եւ համայնքային կազմակերպությունների հետ, սակայն ձգձգումը կարող է ողբերգական հետեւանքներ ունենալ բազմաթիվ ընտանիքների համար:
Պահանջում ենք հատուկ պայմաններով շտապ ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրել Սիրիայում գտնվող եւ այնտեղից հեռանալ ցանկացող հայ ընտանիքներին»:





























