Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է հոկտեմբերի 14-ին «Էրեբունի-Երեւան 2794» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած ՌԴ Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինի հետ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, ողջունելով հյուրին, քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար եւ բարձր է գնահատել Երեւանի ու Ստավրոպոլի միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունները եւ ընդգծել է իր պատրաստակամությունը այն ավելի ընդլայնելու եւ ամրապնդելու ուղղությամբ:

«Երեւանի քաղաքապետարանը մշտապես բաց է համագործակցության համար: Մեր լիազորությունների շրջանակում պատրաստ ենք նաեւ աջակցել քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացմանը, ինչը կնպաստի քաղաքների միջեւ կապերի էլ ավելի ամրապնդմանն ու երկկողմ համագործակցության ակտիվացմանը»-նշել է Տարոն Մարգարյանն ու ընդգծել, որ վերջերս Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության Ստավրոպոլ կատարած այցելության ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հաստատման հետ կապված մի շարք ծրագրեր:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության եւ հրավերի համար` Գեորգի Կոլյագինը նախ շնորհավորել է Էրեբունի-Երեւանի 2794-րդ տարեդարձի կապակցությամբ եւ նշել է, որ կարեւորում է քաղաքների զարգացմանն ուղղված ծրագրերի շարքում համատեղ գործակցությունն ու առաջիկայում ակնկալում է Երեւանի հետ ակտիվ եւ արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կազմակերպել նաեւ մասնագետների փոխայցեր` երկու քաղաքապետարանների կառավարման համակարգերին ու ծրագրերին ծանոթանալու եւ համագործակցության եզրերն առավել հստակեցնելու համար: