ԱՄՆ իշխանությունները Լոնդոնում ձերբակալված` Ղրղզստանի նախկին նախագահի որդուն` Մաքսիմ Բակիեւին պահանջել են արտահանձնել, այդ մասին տեղեկատվությունը հրապարկվել է  Ղրղզստանում ԱՄՆ դեսպանատան կայքում:

Արտահանձնման պահանջի համար հիմք է հանդիսացել Բակիեւ-կրտսերի նկատմամբ ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործը:

«ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայից պահանջում է  արտահանձնել Բակիեւին, որպեսզի նա կանգնի դաշնային դատարանի առջեւ լուրջ մեղադրանքով` արժեթղթերի հետ կապված խարդախությունների կատարման նպատակով դավադրության եւ արդարադատությանը խոչընդոտելու համար»,-ասվում է  հաղորդագրության մեջ:

Նշվում է նաեւ, որ Բակիեւին մեղավոր ճանչելու դեպքում նրան  երկարաժամկետ ազատազրկում է սպասվում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ղրղզստանի նախկին նախագահ Կուրբանբեկ Բակիեւի որդին ` Մաքսիմ Բակիեւը ղեկավարել է երկրի  Զարգացման եւ ներդրումների կենտրոնական գործակալությունը, եւ 2010թ. պետական հեղաշրջման եւ Կուրբանբեկ Բակիեւի հրաժարականից հետո նրա նկատմամբ միջազգային հետախուզում է  հայտարարվել` հանցավոր եղանակով ստացված փողերի լվացման մեղադրանքով: Նա արդարադատությունից թաքնվում էր Լոնդոնում: