Երեւանում սեպտեմբերին մեկ կիլոգրամ հացի մանրածախ գինը հասավ 486,2 դրամի`  26,6 դրամով կամ 5,8%-ով գերազանցելով անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Գնորդները կարծում են, թե գնել են նախկին քաշի հաց, իրականում այն նկատելի թեթեւացել է: Հացի քաշը հայտարարվում է նախկինը, սակայն իրական քաշը նվազում է: Սա արդեն լուրջ խախտում է:  Հարկային մարմիններին արտադրողները կեղծ հաշվետվություններ են ցույց տալիս, թե ամեն ինչ կարգին է. գնված ալյուրից թխվել եւ իրացվել է  տոննաժին համապատասխան հացի քանակություն: Իրականում սակայն, եթե հաշվենք հատով, անհամեմատ ավելի մեծ քանակությամբ  հաց է  արտադրված:

Հիմա հացի գնի մասին: Քանի որ ցորենի ներմուծման մասին մաքսային տվյալները միայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակին են վերաբերում, կհիմնվենք դրանց վրա` համեմատելով 2009թ. հետ:

Եւ ահա, դատելով այդ տեղեկություններից, ցորենի մաքսային արժեքը...չի բարձրացել: Համենայն դեպս այդպես է ստացվում Պետական եկամուտների կոմիտեի տվյալներից:

Ինչպես տեսանելի է դիագրամից, ցորենի միջին մաքսային գինը, դոլարով արտահայտված, բարձրացավ 2010 թ-ին, հետո սկսեց նվազել: Ստացվում է, որ  ձեռք բերման գինը մնացել է նուն մակարդակի վրա..

Սակայն այս ընթացքում Հայաստանում դոլարի փոխարժեքը նկատելի աճել է` 31,7 դրամով կամ 8,7%-ով:  Ուստի մնացած բոլոր այլ  պայմանների պարագայում,  ներմուծողների կողմից ցորենի գնման իրական ծախսերը համպատասխանաբար աճել են: Հաշվարկները ցույց են տալիս, որ ուսումնասիրվող շրջանի  համար  այսօր ցորենի մաքսային արժեքը, դոլարի ամրապնդման արդյունքում  աճել է մոտավորապես կիլոգրամի դինաց 8 դրամով:

Գեթե նույնքան էլ, առանց ԱԱՀ-ի, կազում է ցորենի վրա ծախսերի աճը մեկ կիլոգրամ հացի ինքնարժեքում:  Սակայն բարձր տեսակի  հացի  միջին մանրածախ գինն ավելացել է 52,4 դրամով` կլիոգրամի մեջ:  Այսինքն թանկացած հացի գնի  մոտ 40 դրամը (կամ նոր գնի մոտ 10%-ը) կապված չէ ցորենի գնի աճի հետ:

Հասկանալի է, որ մանրածախ հացի գինը ձեւավորվում է նաեւ այլ ծախսերից: Շատերը կարող են հացի գնի թանկացումը կապել բնական գազի սակագնի բարձրացման հետ: Սակայն հացի մանրածախ գնում վառելիքի եւ էներգիայի ծախսերը կազմում են ընդամենը 2,8%, այնպես որ բնական գազի սակագնի փոփոխությունը  (2010թ. ապրիլի 1-ից) այնքան էլ զգալի չէ:  Գնի մեջ աշխատավարձի մասը կազմում է  մոտ 8%, այնպես որ նրա ազդեցությունն էլ որոշիչ չէ:

Այլ խնդիր է հիմնական հումքի` ցորենի ծախսը, որն ամենամեծն է մանրածախ գնի կառուցվածքում` մոտ 25%: Սակայն վերեւում մենք ցույց տվեցինք, թե որքանով է բարձրացել այդ գինը: Այնպես որ գալիս ենք այն եզրահանգման, որ  ցորենի գնի թանկացման պատրվակի տակ` արտադրողներն այս ողջ ընթացքում կամաց-կամաց բարձրացրել են հացի գինը:

Տարօրինակ է, որ տվյալ ոլորտում կարգուկանոն հաստատելու համար պատասխանատու գերատեսչությունը չի նկատում այդ ֆենոմենը: