ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման հոկտեմբերի 15-ին ժամկետից շուտ քվեարկել է ամուսնու՝ Բարաք Օբամայի օգտին։ Այդ մասին նա գրել է Twitter-ում։

«Հենց նոր փոստարկղ գցեցի իմ քվեաթերթիկը, չկարողացա սպասել ընտրությունների օրվան։ Սիրում եմ քեզ»,- իր միկրոբլոգում գրել է առաջին տիկինը՝ դիմելով բարաք Օբամային։

Ավելի ուշ Օհայոյի հավաքի ընթացքում Միշելը հայտնել է, որ քվեարկել է ամուսնու օգտին։ «Այժմ քվեաթերթիկս իմ հարազատ Իլինոյս նահանգի ճանապարհին է։ Ներեցեք, այսօր մի փոքր հուզված եմ։ Ինձ համար ընտրությունների օր էր», - ասել է նա, գրում է Associated Press-ը։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 15-ին իր միկրոբլոգում հայտնել էր, որ ինքը եւս մտադիր է վաղաժամկետ քվեարկել հոկտեմբերի 25-ին եւ ամերիկացիներին կոչ է արել հետեւել օրինակին։

Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, ԱՄՆ-ում  ժամկետից շուտ քվեարկությունն սկսվել է սեպտեմբերի 27-ից։ 50 նահանգներից 34-ում ընտրողները կարող են անձամբ քվեարկել ընտրատեղամասերում, 28 նահանգներում թույլատրվում է հեռակա քվեարկություն՝ փոստի միջոցով։ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները նշանակված են  2012թ. նոյեմբերի 6-ին։ Բարաք Օբամայի մրցակիցը հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին է։