Բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչը նախկին Հարավսլավիայի հարցով Միջազգային դատարանում հայտնել է, որ իր նման «մեղմ, համբերատար մարդուն» աբսուրդային է Բոսնիայի եւ Հերցեգովինայի քաղաքացիական պատերազմի շրջանակում ցեղասպանության եւ զինվորական հանցագործությունների մեջ մեղադրել: Կարաջիչը հայտնել է, որ երբեք իշխանությունից չի բռնել եւ ցանկացել է թողնել քաղաքականությունը հանուն բժշկության եւ պոեզիայի:
«Նրանք ովքեր ինձ գիտեն, կհաստատեն, որ ես ինքնակալ չեմ, որ ես ագրեսոր եւ անհամբեր չեմ: Ընդհակառակը, ես մեղմ, համբերատար մարդ եմ, ով ունակ է հասկանալ ընկերոջը»,- մեջբերում է «Ինտերֆաքսը»: «Ինձ պետք է ոչ թե դատել, այլ քաջալերել: Ես ամեն հնարավոր բան արել եմ, այն ամենը ինչին ունակ է մադը, որպեսզի փորձի խուսափել պատերազմից եւ մեծ թվով զոհերից».-նա հայտնել է տրիբունալին:
Միջազգային դատարանը Կարաջիչին 10 մեղադրանք է ներկայացրել, որոնց թվում է 1995 թ-ի բոսնիական Սրեբրենիցայում 8 հազար մահմեդականի սպանության մեղադրանքն է: Այս իրադարձությունը ՄԱԿ-ը ճանաչել է որպես ցեղասպանություն:
Հերքելով մահմեդականների նկատմամբ նրա անհանդուրժողականության մեղադրանքը` Կարաջիչը որպես իր անմեղության ապացույց պատմել է, որ իր անձնական վարսահարդարը իսլամի հետեւորդ է եղել:
Տրիբունալում կարծում են, որ Ռադովան Կարաջիչը եւ բոսնիական բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչը նպատակ ունեին Բոսնիա եւ Հերցեգովինայից վտարել մահեմադականներին եւ խորվաթներին: Այս նախագիծը նրանք սկսել են իրագործել 1992-1995 թթ-ին, երբ նախկին Հարավսլավիայի տարածքում քաղաքացիական պատերազմ է սկսվել: Այս հակամարտության արդյունքում Բոսնիա եւ Հերցեգովինայի տարածքում մահացել է մոտ 100 հազար մարդ, որոնց մեծ մասը մահմեդականներ են եղել:





























