Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է սկսել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի բողոքի հիման վրա, որտեղ նշված է, որ Ուկրաինայում խախտել են արդար դատաքննության նրա իրավունքը: Այդ մասին հաղորդել է նախկին վարչապետի փաստաբան Սերգեյ Վլասենկոն:
Խոսքը Տիմոշենկոյի արդեն երկրորդ բողոքի մասին է: Առաջին բողոքը դատարանը քննել էր օգոստոսին, գրում է «versii.com»-ը:
ՄԻԵԴ առաջին հայցը Տիմոշենկոն ուղարկել էր դեռեւս 2011թ. ամռանը`կալանքից քիչ ժամանակ անց: Նա ուկրաինական իշխանություններին մեղադրել էր Եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքների մասին մի քանի հոդվածների խախտման մեջ, մասնավորապես` 3-րդ հոդվածի, որն արգելում է տանջելը (Տիմոշենկոն բանտարկությունից հետո քանիցս բողոքել էր վատ պայմաններից եւ հարկ եղած բուժօգնության բացակայությունից), եւ 18-րդ հոդվածից, որն արգելում է իրավունքների եւ ազատությունների անհիմն սահմանափակումը: Արդյունքում, արդեն դատավճռի կայացումից հետո, Տիմոշենկոն երկրորդ բողոքն է ուղարկել ՄԻԵԴ:
Հիշեցնենք, Յուլիա Տիմոշենկոն պատիժ է կրում «գազային գործի» համար: Կառավարության նախկին ղեկավարին մեղադրել են Ռուսաստանի հետ 2009թ. գազային համաձայնագիր ստորագրելիս պաշտոնեական լիազորությունները գերազանցելու մեջ: Տիմոշենկոն ինքը հերքում է իր հասցեին բոլոր մեղադրանքները` նշելով, որ իրեն հալածում են քաղաքական դրդապատճառներով: Այժմ նա բուժում է ստանում Խարկովի հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել է գաղութից` ողնաշարային հիվանդությամբ:





























