Հյուսիսային Կորեայի առաջին տիկին Լի Սուլ Չժուն համարձակվել է հանրությանը ներկայանալ առանց պետության նախորդ ղեկավարներին պատկերող կրծքանշանների: Կիմ Չեն Ընի հագուստին այդ զարմանալի բացթողումը նկատել են բրիտանական լրատվամիջոցները:
ԿԺԴՀ-ի առաջին տիկինը հանրությանը ներկայացել է առանց Կիմ Իր Սենին եւ Կիմ Չեն Իրին պատկերող կրծքանշանների, որոնք պարտադիր պետք է կրի հյուսիսկորեացի յուրաքանչյուր քաղաքացի: Առայժմ հայտնի չէ`դիտմամբ, թե պատահաբար է Լի Սուլ Չժուն դրանց փոխարեն միանգամայն ապաքաղաքական կրծքազարդ կրել: Հարավկորեական մամուլում արդեն տեղեկատվություն կա այն մասին, որ այդ քայլը հարուցել է ԿԺԴՀ-ի ղեկավարությունից շատերի զայրույթը:
Ինչպես տեղեկացնում է «vesti.ru»-ն, ԿԺԴՀ-ի առաջին տիկնոջ արտաքինն առաջին անգամ չէ գրավում միջազգային մամուլի ուշադրությունը: Ամռան վերջին նա լրագրողներին հուզել էր իր Dior պայուսակով, իսկ սեպտեմբերին արեւմտյան քաղաքական շրջանակներին զարմացրել էր ամուսնուն ուղեկցելիս հագած իր տաբատով ու կոստյումով, ինչը Հյուսիսային Կորեայում տղամարդկանց արտոնությունն է համարվում: Լի Սուլ Չժուի եւ Կիմ Չեն Ընի ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել էր այս տարվա հուլիսին:





























