Այսօր` հոկտեմբերի 18-ին ժամը 18.00-ին ավարտվում է թիվ 1 եւ 35 ընտարատարածքներում թեկնածություն առաջադրելու ժամկետը: Այսպես, Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում բացի «Սովռանո» ՍՊԸ-ի տնօրեն, Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանից իրենց թեկնածությունն է առաջադրել անկուսակցական Արման Խաչատրյանը եւ ՀՀՇ-ից Մուրադ Գրիգորյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Իսկ Ավանի թիվ 1 ընտրատարածքում, ինչպես NEWS.am-ին հայտնեց թիվ 1 ԸԸՀ նախագահ Գեղամ Հայրապետյանը, բացի  «Ժառանգությունից» նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանից եւ ՀՀԿ-ից Ռոբերտ Սարգսյանից, ով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ազգականն է, իրենց թեկնածությունն են առաջադրել նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը եւ անկուսակցական Էդուարդ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի մանդատը թափուր էր մնացել, երբ հանրապետական Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել էր մանդատից` «Հարսնաքար» ռեստորանում ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելուց եւ մայոր Վահե Ավետյանի մահվանից հետո, իսկ թիվ 35 ընտրատարածքի պատգամավոր Սամվել Բալասանյանը ընտրվել էր Գյումրիի քաղաքապետ:

Երկու ընտրատարածքներում էլ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 2-ին: