Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ եւ Հայ առաքելական եկեղեցու Բուլղարիայի հայոց թեմի նախաձեռնությամբ Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Բուլղարիայի հոգեւոր առաջնորդների պատվիրակությունը: Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի եւ թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանի ուղեկցությամբ ժամանած պատվիրակության կազմում են Վառնայի եւ Վելիկոբրեսլավսկի միտրոպոլիտ Կիրիլ արքեպիսկոպոսը (Բուլղար ուղղափառ եկեղեցի), կրոնի նախարարության ներկայացուցիչ Էմիլ Վելինովը (Բուլղար ուղղափառ եկեղեցի), Բուլղարիայի Կաթոլիկ նվիրակության ներկայացուցիչ Հայր Պետկո Վլովը, Բուլղարիայի Բողոքական եկեղեցիների նախագահ Նիկոլայ եպիսկոպոս Նեդելչեւն ու Բուլղարիայի Համախմբված Բողոքական եկեղեցիների գլխավոր քարտուղար Նիկոլայ Չեռնեւը, Բուլղարիայի Հրեական հոգեւոր խորհրդի նախագահ Ռոբերտ Ջեռասը, Բուլղարիայի իսլամական համայնքից` Մուֆթի Բիբիրլի Մյումյուն եւ Բուլղարիայի Մուֆթիության գլխավոր քարտուղար Ահմեդ Ահմեդովը:     

Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատվիրակությանն ընդունել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հանդիպման սկզբում Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահը, ներկայացնելով պատվիրակության անդամներին, ընդգծել է, որ այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Հայաստան լավագույն առիթը պիտի հանդիսանա Բուլղարիայի հոգեւոր առաջնորդների համար` հաղորդակից դառնալու հայ ժողովրդի հոգեւոր ու մշակութային արժեքներին:

Գարեգին Բ-ն ողջունել է Բուլղարիայի հայոց թեմի` պատվիրակությանը  Հայաստան հրավիրելու նախաձեռնությունը, ինչն առավել կզորացնի կապերը կրոնական հարանվանությունների միջեւ: Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ Բուլղարիայի կրոնական հարանվանությունների միջեւ եղբայրական սերտ հարաբերություններ են ձեւավորվել:

Զրույցի ընթացքում նա անդրադարձել է հայ եւ բուլղար ժողովուրդների պատմական ջերմ կապերին, ինչպես նաեւ Հայ Եկեղեցու միջեկեղեցական եւ միջկրոնական հարաբերություններին:

Գարեգին Բ-ն իր բարեմաղթանքներն է փոխանցել Բուլղար ուղղափառ եկեղեցու հովվապետ Մաքսիմ Պատրիարքին, ինչպես նաեւ հանդիպմանը ներկա կրոնական հարանվանությունների ներկայացուցիչներին` աղոթելով, որ Աստված խաղաղության, սիրո եւ համագործակցության մեջ պահի Բուլղարիայում ապրող ժողովուրդներին, օրհնի եւ զորացնի հոգեւոր առաջնորդների առաքելությունն իրենց զավակների կյանքում:

Նոյեմբերի 5-9-ը պատվիրակությունը կայցելի Հայաստանի մի շարք վանքեր ու եկեղեցիներ, հոգեւոր կրթական հաստատություններ եւ մշակութային օջախներ: Պատվիրակության անդամները կլինեն նաեւ Ծիծեռնակաբերդում, ուր ծաղկեպսակ կզետեղեն Ցեղասպանության զոհերի հուշարձանի առջեւ: