Վրաստանը հայտ է ներկայացրել բարելավել ռուս-վրացական հարաբերությունները։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցն հետ զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նրա խոսքով, Վրաստանի այս քաղաքականությունը ողջունում է նաեւ Արեւմուտքը, որտեղ կարծում են, որ միակողմանի արեւմտամետ քաղաքականությունը չի բխում Վրաստանի շահերից, քանի որ բոլորին է հասկանանալի, որ առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման Վրաստանը չի կարող զարգանալ:

«Վրաստանի տնտեսության 5 հիմնական ռազմավարական ճյուղեր չեն կարող զարգանալ առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման։ Առաջինը դա հանքային ջրերն են, քան որ վրացական «Բորժոմիի» հիմնական սպառողը Ռուսաստանն է։ Երկրորդը՝ գինիներն են, որոնց արտադրությունը խիստ կրճատվել է։ Այնուհետեւ՝ ցիտրուսներն ու թեյը, որոնց արտահանում ՌԴ տեղի չի ունենում։ Եվ վերջում տուրիզմը։ Խորհրդային տարիներին միայն Աջարիայի ծովափին հանգստանում էր Ռուսաստանի շուրջ 600 հազար քաղաքացի»,- ասաց քաղաքագետը։

Բոզոյանը նաեւ նշեց, որ Սահակաշվիլիի կառավարման տարիներին ծրագրերը Ռուսաստանի հետ սառեցվեցին, պատճառաբանելով, որ Վրաստանը որդեգրել է եվրաինտեգրման ուղին: «Այդ ցանկությունը գովելի է, սակայն, երբ եվրաինտեգրման խնդիրը իրագործվում է հակադրվելով Ռուսաստանին, դա խնդիրներ է առաջացնում։ Այժմ Իվանիշվիլին փորձում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, խնդրին լուծում տալ եւ, իմ կարծիքով, նա պետք է գնա որոշակի կոմպրոմիսների»,-ասաց Բոզոյանն ու հավելեց. «Հուսով եմ, որ նրանք կհասնեն հաջողությունների եւ դա բխում է Հայաստանի շահերից։ Եթե Վրաստանը դառնա նորմալ, կայացած դեմոկրատական երկիր, իսկ վերջին խորհրդարանական ընտրությունները ապացուցեցին, որ դա հնարավոր է, մենք դրանից միայն կշահենք։ Ուստի մենք որոշակի խանդ պետք է զգանք վրաց ժողովրդի հանդեպ ու ձգտենք նույնպես հասնել նման ձեռքբերումների»։