Նախագահական նստավայրից «Նաիրիտի» աշխատակիցներին ցավում են, ցավակցում, բայց խոստանում են ամենառեալը: Այս մասին Նախագահական նստավայրից Նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովսեփյանի հետ հանդիպումից դուրս գալուց հետո փոխանցեցին հանդիպմանը մասնակցած Նաիրիտի աշխատակիցները:
«Մեզ փոխանցեցին, որ երկու ամսվա աշխատավարձ մինչեւ դեկտեմբերի 15-ը կվճարեն, իսկ 3-րդ աշխատավարձը հունվարին են նախատեսել: Բայց մենք խնդրեցինք, որ 3 աշխատավարձն էլ մինչեւդեկտեմբերի մեջ լինի»,- բողոքի ակցիային մասնակցող շուրջ 400 աշխատակիցներին փոխանցեց հանդիպմանը մասնակցած աշխատակիցներից մեկը: Արհմիութենական կազմակերպության նախագահ Հրաչ Թադեւոսյանն էլ լրագրողներին կոչ արեց «Նաիրիտի» հարցը չքաղաքականացնել:««Նաիրիտը» քաղաքականությունից դուրս է` ունի զուտ սոցիալական հարց եւ ոչ մի կուսակցության հետ չի համագործակցում»,- ընդգծեց աչ Թադեւոսյանը: Նրա խոսքով, նախագահականում իրենց բարձրացված հարցերին տեղյակ էին: «Խոստացան 2 աշխատավարձ մինչեւ դեկտեմբերի 15-ը կվճարեն, իսկ 3-րդ աշխատավարձը հունվարին են նախատեսել: Մենք խնդրեցինք, որ 3 աշխատավարձն էլ դեկտեմբերի մեջ լինի: Ինչ վերաբերում է գործարանի վերագործարկմանը, ասացին, որ մինչեւ դեկտեմբերի 20 «Նաիրիտի» պայմանագրերի հարցը լուծվելու է: «Իտեռա» կազմակերպության հետ բանակցություներ են ընթանում: Եթե պայմանագրերը ստորագրվեցին արդեն վերագործակման աշխատանքներ են տարվելու: 400 միլիոնի մասին է խոսքը: Նախագահականից փոխանցեցին, թե ո՞ւմ մտքով անցնում է, որ գործարանը չի աշխատելու սխալվում են, քանի որ գործարանը իրենց պետք է»,- ավելացրեց Հրաչ Թադեւոսյանը: Նա հիշեցրեց, որ «Նաիրիտի» ընդհանուր աշխատակիցների թիվը շուրջ 2800 է, որոնց կեսը` 2/3 տանը հարկադիր պարապուրդում են նստած, իսկ մնացածը աշխատանքի մեջ են:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ հավաքվել են Հայաստանի նախագահի նստավայրի մոտ` պահանջելու մոտ մեկ տարվա աշխատավարձը: Նրանք «Նաիրիտից» երթ են արել դեպի Բաղրամյան պողոտա, ոտքով կտրել են Արշակունյաց եւ Գրիգոր Լուսավորիչ պողոտաները, Պռոշյան փողոցն ու հասել նստավայրի մոտ: «Նաիրիտի» աշխատակիցները, իրենց խոսքով, շուրջ 11 ամիս աշխատավարձ չեն ստացել եւ միայն նախագահ Սերժ Սարգսյանից են ակնկալում գործարանի խնդիրների լուծումը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











