Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումները Աֆղանստանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Բիսմալա Խան Մոհամադիի, Աֆղանստանի Միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ԱՅՍԱՖ) հրամանատարի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Նիք Քարթերի, ԱՅՍԱՖ-ի հյուսիսային հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Էրիխ Փֆեֆֆերի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվելու են ԱՅՍԱՖ-ի կազմում Հայաստանի ներգրավվածությանը եւ հետագա ծրագրերին առնչվող երկկուստեք հետաքրքություն ներկայացնող հարցեր: 

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաեւ ԱՅՍԱՖ-ի հյուսիսային հրամանատարության կազմում, գերմանական հրամանատարության ներքո 2010թ. փետրվարից գործող Կունդուզում եւ Մազարի Շարիֆում տեղակայված հայկական զորախմբերին: