Կապիտալ շինարարությունը զինծառայողների սոցիալական պայմանները բարելավելու քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, զինվորական քաղաքը շահագործման հանձնելու արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարի խոսքով՝ ամեն տարի կապիտալ շինարարություն է կատարվում: Ամեն տարեվերջին մրցույթներ են հայտարարվում, որոնց արդյունքում ընտրվում են շինընկերությունները:  2013-ի աշխատանքների պլանավորումն արդեն ավարտված է: Շահագործման հանձնված հատվածի առնչությամբ Սեյրան Օհանյանը նշել է, որ «այդտեղ ծառայության շատ լավ պայմաններ են ստեղծված»:

Ողջունելով եւ շնորհավորելով զորամասի անձնակազմին՝ նախարարն ընդգծել է, որ  կապիտալ շինարարությունը եւ ծառայության պայմանների բարելավումը երկրի բանակի եւ ղեկավարության առաջնահերթություններից է:

«Մեր երկրի օդային սահմաններն անձեռնմխելի են, եւ հակաօդային պաշտպանության ուժերն ի զորու են կատարել տրված առաջադրանքն ու երկիրը պաշտպանել ագրեսիայից», - ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ ՀՕՊ ստորաբաժանումներն իրենց հմտությունները քանիցս ցուցադրել են, այդ թվում՝ ՀԱՊԿ զորավարժություններում:

Այսօր մեկ այլ զորամասում մեծ ճաշարան է բացվել: «Այնտեղ այնքան հոյակապ պայմաններ են: Ճաշարանների որակին մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում, քանի որ չափազանց կարեւոր է զինվորներին որակյալ սննդով ապահովելը եւ սանիտարահիգիենիկ պայմանների պահպանումը»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը: