Հայաստանում իրականացվել է երկրի հարավի օդանավակայանների գույքագրում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը:
Նրա խոսքով` վերջերս մարզում էր ՔԱԳՎ պատվիրակությունը` վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի ղեկավարությամբ: Իսկ հունվարի 23 –ին Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, հանդես գալով Քաջարանի ընտրողների առջեւ, հայտարարեց, որ Կապանի օդանավակայանի վերականգնման հարցը քննարկման փուլում է գտնվում, ընդ որում` ֆինանսական աջակցության պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանի երկու հանքարդյունաբերական ընկերությունները` «Deno Gold» -ն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
ՔԱԳՎ մասնագետները եղել են Սյունիքի մարզի բոլոր քաղաքացիական օդանավակայաններում` Սիսիանի, Գորիսի, Կապանի եւ Մեղրիի: «Աշխատանքների ժամկետների մասին առավել հստակ կասեն ՔԱԳՎ-ից, սակայն նման մտադրություն կա, եւ մենք պատրաստ ենք ամենայն աջակցություն ցուցաբերել»,-ասաց Դոլունցը:
Նշենք, որ խորհրդային տարիներին այդ օդանավակայաններից չվերթեր էին իրականացվում դեպի Երեւանի «Էրեբունի» օդանավակայան:




























