Հունվարի 31-ին Տպագրիչների 9 հասցեում մահափորձի ենթարկված եւ դրա հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում վիրահատության ենթարկված ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այժմ բուժզզնում է անցնում եւ խնդրել է առաջիկա մեկ-մեկուսկես ժամվա ընթացքում իրեն չանհանգստացնել: Այս մասին հիվանդանոցում լրագրողների հետ զրոյցում ասաց նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
«Այս պահին Պարույր Հայրիկյանին զննում են բժիշկները, նա ձեզ փոխանցել է ջերմ բարեւներ եւ խնդրել առաջիկա մեկ-մեկուկես ժամը չանհանգստացնել իրեն»,- ասաց փաստաբանը:
Նա տեղեկացրեց, որ վաղը ժամը 12.00-ին «Երեւան» հյուրանոցում տեղի կունենա ասուլիս, որի ժամանակ կխոսեն քրեական գործից, նաեւ կհնչի Պարույր Հայրիկյանի ՍԴ դիմել-չդիմելու հետ կապված հայտարարությունը:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հայտարարությունը ոչ թե այսօր, այլ` վաղն անելը, նա պատասխանեց, որ այս պահին գլխավորը Հայրիկյանի առողջությունն է, ոչ թե մնացած գործառույթները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











