«Երեւան» հյուրանոցում, վաղը՝ փետրվարի 5-ին, կկայանա հունվարի 31-ին Տպագրիչների 9 հասցեում մահափորձի ենթարկված եւ դրա հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում վիրահատության ենթարկված ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբանի եւ նրա ներկայացուցիչների ասուլիսը, որտեղ վերջիններս կհայտարարեն՝ ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու հարցով ՍԴ դիմելու են, թե` ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց անձամբ Պարույր Հայրիկյանը:
Նա նշեց, որ այժմ քսանհոգանոց խումբ է աշխատում, որոնք լուրջ ուսումնասիրություններ են անում եւ պետք է տան 14 հարցի պատասխան: Խմբի ուսումնասիրության առաջին արդյունքների մասին պարզ կդառնա այսօր երեկոյան:
Պարույր Հայրիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պետք է ուսումնասիրեն, թե իր՝ հիվանդանոցում անցկացրած եւ քարոզարշավ չարած օրերը որքանով են ազդել իր վարկանիշի վրա, որովհետեւ քարոզարշավի մյուս օրերին նրա վարկանիշը կես տոկոսով աճում է: Եթե հիվանդանոցում անցկացրած օրերը ազդել են նրա վարկանիշի վրա եւ այն նույն ընթացքով չի աճել, ապա հավանաբար կդիմեն ՍԴ՝ ընտրությունները տասնհինգ օրով հետաձգելու համար: Իսկ եթե հիվանդանոցում անցկացրած օրերը չեն ազդել նրա վարկանիշի վրա, եւ վարկանիշը շարունակել է աճել, ապա չեն դիմի ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու համար:
Պարույր Հայրիկյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ նույնիսկ ամենավատ վիճակում էլ չի դիմի ՍԴ՝ նոր ընտրություններ անցկացնելու պահանջով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























