Փարիզի կենտրոնում հնագետները հայտնաբերել են հին պատի մի հատված, որը կարող է հաստատել քաղաքի առաջացման վայրի մասին ավանդական վարկածը, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։

Գտածոն, որն արվել է Սիտե կղզում՝ Նոտր Դամի տաճարից ոչ հեռու, Ֆրանսիայի մշակույթի նախարարությունում անվանել են «կարևորագույն բեկում» հին Լյուտեցիայի ուսումնասիրության մեջ։

Օտել-Դյոյի հիվանդանոցի տարածքում գտնվող շենքի տակ հնագետները հայտնաբերել են մոտ 20 մետր երկարությամբ քարափայտյա կառույց, որը թվագրվում է գալլո-հռոմեական ժամանակաշրջանով։ Ենթադրվում է, որ այն կարող էր լինել Լյուտեցիայի ամրությունների մի մասը՝ հին բնակավայրի, որը գտնվել է ժամանակակից Փարիզի տեղում, որտեղ ապրել է պարիզիների գալլական ցեղը։

Սիտե կղզին ավանդաբար համարվում է հին Լյուտեցիայի կենտրոնը։ Սակայն վերջին տասնամյակներին հնագետներն առաջ էին քաշում մեկ այլ վարկած․ նախնական բնակավայրը կարող էր գտնվել Նանտերում՝ ժամանակակից Փարիզի արևմտյան արվարձանում։

«Հնարավոր է, որ մեր առջև գալլական Լյուտեցիան հասկանալու համար երբևէ հայտնաբերված ամենակարևոր հուշարձաններից մեկն է»,- հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ գիտնականներին դեռ պետք է պարզել կառույցի ճշգրիտ նշանակությունն ու վերջնականապես որոշել դրա ժամանակագրությունը։

Գտածոյին լրացուցիչ հետաքրքրություն են հաղորդում պատի վրա հայտնաբերված կրակի հետքերը։ Դրանք կարող են համապատասխանել Հուլիոս Կեսարի «Գալլական պատերազմի գրառումներում» տրված նկարագրությանը․ ըստ նրա պատմության՝ գալլերը հռոմեացիների դեմ Լյուտեցիայի համար ճակատամարտից առաջ այրել էին իրենց բնակավայրը։

Ածխածնային վերլուծությունը ցույց է տվել, որ այրված նյութերը վերաբերում են մ.թ.ա. 200-ից 10 թվականների ժամանակաշրջանին։ Այդ միջակայքն ընդգրկում է նաև մ.թ.ա. 52 թվականը՝ Լյուտեցիայի համար ճակատամարտի ժամանակը։

Լյուտեցիա անվանումն առաջին անգամ հիշատակվում է Կեսարի «Գալլական պատերազմի գրառումների» յոթերորդ գրքում։ Հռոմեացի զորավարը այն նկարագրում էր որպես Սենա գետի կղզու վրա գտնվող բնակավայր, սակայն նրա բավական կարճ նկարագրությունը դարեր շարունակ վեճեր էր ծնում հին քաղաքի ճշգրիտ տեղադրության շուրջ։

Հռոմեացիների կողմից Գալիան նվաճելուց հետո Լյուտեցիան աստիճանաբար վերածվեց տարածաշրջանի խոշոր կենտրոնի։ Սիտե կղզին դարձավ հռոմեական բնակավայրի միջուկը, իսկ ավելի ուշ հենց այստեղ ձևավորվեց Փարիզի պատմական կենտրոնը։