Թուրքիայում հնագետները հայտնաբերել են հնագույն խաղաղության պայմանագրի մի հատված, որը կնքվել էր մոտ 3300 տարի առաջ Եգիպտոսի և Խեթական թագավորության միջև, գրում է Popular Science-ը։
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հայտնել է, որ գտածոն Կադեշի պայմանագրի մի մասն է՝ աշխարհում հայտնի ամենահին խաղաղության համաձայնագրերից։
Սեպագիր տեքստով կավե հատվածը հայտնաբերվել է Խաթթուսայի՝ Խեթական թագավորության մայրաքաղաքի պեղումների ժամանակ, որը գտնվում էր ժամանակակից կենտրոնական Թուրքիայի տարածքում։ Թուրքիայի գերատեսչության տվյալներով՝ հայտնաբերված տեքստը վերաբերում է պայմանագրի այն բաժնին, որը նվիրված է փախստականների նկատմամբ վերաբերմունքին։
«Մենք անատոլիական հողում հայտնաբերել ենք խաղաղության հետքեր, որոնք հազարավոր տարիների պատմություն ունեն», — սեպտեմբերի 21-ին հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։ Նրա խոսքով՝ գտածոն հիշեցնում է մարդկային կյանքն ու արժանապատվությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին։
Կադեշի պայմանագիրը կնքվել է մեր թվարկությունից առաջ մոտ 1269 թվականին՝ եգիպտական փարավոն Ռամզես II-ի և խեթական թագավոր Խաթթուսիլի III-ի միջև։ Այն վերջ է դրել երկու տերությունների միջև երկարատև պատերազմին և համարվում է աշխարհում հայտնի ամենահին խաղաղության պայմանագիրը։
Համաձայնագիրը հայտնի է որպես Կադեշի պայմանագիր, թեև դրանում Կադեշի ճակատամարտն ուղղակիորեն չի հիշատակվում։ Եգիպտացիների և խեթերի միջև ճակատամարտը տեղի էր ունեցել մի քանի տարի առաջ։ Փաստաթուղթը կոչվում է նաև Եգիպտա-խեթական խաղաղության պայմանագիր, Հավերժական պայմանագիր կամ Արծաթե պայմանագիր։
Խեթական կայսրությունը գոյություն է ունեցել Կենտրոնական Անատոլիայում մոտավորապես մ.թ.ա. 1650-ից մինչև 1200 թվականները՝ բրոնզի դարում։ Խաթթուսան նրա մայրաքաղաքն էր, և հնագետներն այնտեղ արդեն հայտնաբերել են բազմաթիվ դիվանագիտական փաստաթղթեր՝ գրված աքքադերենով, այդ թվում՝ Կադեշի պայմանագրի այլ հատվածներ։
Պայմանագիրն ինքնին պահպանվել է երկու հին քաղաքներում։ XIX դարի սկզբին հնագետները դրա տեքստը՝ գրված եգիպտական հիերոգլիֆներով, հայտնաբերել են Ռամզես II-ի տաճարի պատերին՝ Թեբեում, ներկայիս Լուքսորի տարածքում։ Սեպագրով գրված աքքադերեն տարբերակի հատվածները սկսել են գտնել Խաթթուսայում XX դարի սկզբին։
Համաձայնագիրը ամրագրել է Եգիպտոսի և Խեթական թագավորության միջև արևելյան Միջերկրականում տարածքների համար բազմամյա դիմակայության դադարեցումը։ Դրանում Ռամզես II-ը և Խաթթուսիլի III-ը միմյանց եղբայրներ էին հայտարարում և խոստանում պահպանել խաղաղությունը Եգիպտոսի և Խաթթիի միջև։





























