Արժույթի միջազգային հիմնադրամը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը և Միջազգային ֆինանսների ինստիտուտը (IIF), որը միավորում է աշխարհի խոշորագույն բանկերը, նախազգուշացրել են համաշխարհային տնտեսության համար աճող ռիսկերի մասին՝ պարտքային բեռի և փոխառությունների արժեքի ավելացման պատճառով, գրում է The Guardian-ը:

Իրենց վերջին զեկույցներում կազմակերպությունները մատնանշել են բարձր տոկոսադրույքների վտանգը համաշխարհային պարտքի սպասարկման համար, որի ծավալը հասել է մոտ 365 տրիլիոն դոլարի։ IIF-ի գնահատմամբ՝ համաշխարհային տնտեսությունը շարժվում է դեպի ապագա, որտեղ պարտքի բարձր մակարդակը կդառնա կառուցվածքային առանձնահատկություն․ կառավարություններն ու ընկերությունները միաժամանակ մեծացնում են ներդրումները նոր տեխնոլոգիաներում և բախվում են բնակչության ծերացմանն առնչվող աճող ծախսերին։

«Համաշխարհային պարտքի կուտակումն արագանալու է, քանի որ կառավարություններն ու կորպորացիաները մրցում են աճն արագացնելու համար և ձգտում են ամրապնդել սեփական դիրքերը կառուցվածքային վերափոխումների ազդեցությամբ փոփոխվող տնտեսությունում»,- ասվում է Միջազգային ֆինանսների ինստիտուտի զեկույցում։

Ինստիտուտն առանձին նշել է խոշոր զարգացած տնտեսությունների վիճակը։ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ճապոնիան բախվում են կայուն բարձր բյուջետային դեֆիցիտների և պարտքի սպասարկման աճող ծախսերի՝ խնդիրների, որոնք երկար ժամանակ բնորոշ էին համարվում առաջին հերթին զարգացող տնտեսություն ունեցող, պարտքային ճգնաժամեր ապրող երկրների համար։

IIF-ը նախազգուշացրել է, որ բազմաթիվ երկրներում սպասվող ընտրությունների ֆոնին քաղաքական գործիչները կարող են բախվել պետական ծախսերի կրճատմանն աջակցելու ընտրողների դժկամությանը։ Դա ստեղծում է պետական պարտքի առանց այն էլ անկայուն դինամիկայի հետագա վատթարացման ռիսկ։

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը ևս պետական պարտքերի սպասարկման արժեքի աճն անվանել է համաշխարհային տնտեսության համար առանցքային ռիսկերից մեկը։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Մաթիաս Կորմանը նշել է, որ 30-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը միանգամից G7-ի վեց երկրներում հասել է վերջին 15 և ավելի տարիների առավելագույն ցուցանիշներին։ Դա մեծացնում է կառավարությունների պարտքի սպասարկման ծախսերը և միաժամանակ բարձրացնում ընկերությունների ու տնային տնտեսությունների վարկերի արժեքը։

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիևան զարգացած տնտեսություններին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ փոխառություններն ու պարտքային բեռը նվազեցնելու համար։ Նրա գնահատմամբ՝ տնտեսական ցնցումների շարքը շարունակում է բարձրացնել պարտքի մակարդակը, մինչդեռ կառավարությունները դեռևս բավարար միջոցներ չեն ձեռնարկում դրա սպասարկման ծախսերը զսպելու համար։

Միաժամանակ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը որոշ չափով բարելավել է ընթացիկ տարվա համաշխարհային տնտեսության գնահատականը։ Կազմակերպությունը 2026 թվականին ակնկալում է համաշխարհային ՀՆԱ-ի 2,9% աճ՝ հունիսին կանխատեսված 2,8%-ի դիմաց։ Իսկ 2027 թվականի կանխատեսումը, հակառակը, իջեցվել է 3,1%-ից մինչև 3%։

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը ռիսկերից մեկն անվանել է նավթի և գազի գների նոր աճը՝ Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին։ Կազմակերպությունը միաժամանակ նախազգուշացրել է բացառիկ ուժեղ Էլ-Նինյո երևույթի հնարավոր հետևանքների մասին, որը կարող է հանգեցնել գյուղատնտեսական արտադրության կրճատման և պարենամթերքի գների աճի։

Մեծ Բրիտանիայի համար Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը բարելավել է 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը՝ հունիսին սպասվող 0,9%-ից հասցնելով 1,1%-ի։ Միևնույն ժամանակ գնաճի կանխատեսումը նվազեցվել է 3,7%-ից մինչև 3,1%։