Ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունն առաջին անգամ Բունդեսթագի հնարավոր ընտրությունների վերաբերյալ հարցման մեջ առաջին տեղ է զբաղեցրել Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում։ Հարցումն անցկացրել է Forsa ինստիտուտը՝ Kölner Stadt-Anzeiger-ի պատվերով։
Ինչպես գրցում է Die Zeit պարբերականը, եթե ընտրություններն անցկացվեին մոտակա կիրակի օրը, ապա Գերմանիայի ամենամեծ դաշնային երկրամասի բնակիչների 24%-ը կքվեարկեր «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության, իսկ 22%-ը՝ ՔԴՄ-ի օգտին։
Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիան կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայրենի դաշնային երկրամասն է։ Միաժամանակ, նրա բնակիչների վերաբերմունքը կառավարության ղեկավարի նկատմամբ շարունակում է մնալ խիստ բացասական․ հարցման մասնակիցների միայն 11%-ն է հայտարարել, որ գոհ է նրա աշխատանքից, մինչդեռ 87%-ը դժգոհություն է հայտնել։ Նույնիսկ ՔԴՄ-ի կողմնակիցների շրջանում Մերցի աշխատանքից գոհ է միայն 36%-ը, իսկ 64%-ը բացասական կարծիք է հայտնել։
Բունդեսթագի ընտրություններում «Կանաչների» օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 18%-ը, ՍԴԿԿ-ի՝ 14%-ը, «Ձախերի»՝ 12%-ը։ ԱԺԴԿ-ն կստանար 3%։
Միաժամանակ արդյունքները զգալիորեն տարբերվում են, եթե խոսքը վերաբերում է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի երկրամասային խորհրդարանի ընտրություններին, որոնք պետք է անցկացվեն մոտ յոթ ամիս անց։ Այդ դեպքում երկրամասի վարչապետ Հենդրիկ Վյուստի գլխավորած ՔԴՄ-ն մնում է ամենախոշոր քաղաքական ուժը՝ հավաքելով 29%։ AfD-ն ստանում է 22%, «Կանաչները»՝ 18%, ՍԴԿԿ-ն՝ 14%, «Ձախերը»՝ 8%, իսկ ԱԺԴԿ-ն՝ 3%։
Այսպիսով, Բունդեսթագի ընտրությունների դեպքում ՔԴՄ-ն զիջում է AfD-ին, մինչդեռ երկրամասային ընտրություններում պահպանում է առաջին տեղը։ Ըստ Forsa-ի հաշվարկների՝ այդ դեպքում ՔԴՄ-ի և «Կանաչների» ներկայիս կոալիցիան կպահպաներ մեծամասնությունը երկրամասային խորհրդարանում։
ՔԴՄ-ի՝ դաշնային և երկրամասային մակարդակներում ստացած արդյունքների տարբերությունը Forsa-ի հիմնադիր Մանֆրեդ Գյուլները կապում է առաջին հերթին Մերցից դժգոհության հետ։ Միաժամանակ երկրամասի վարչապետ Հենդրիկ Վյուստը զգալիորեն ավելի մեծ աջակցություն է վայելում․ հարցվածների 46%-ը գոհ է նրա աշխատանքից, 37%-ը՝ դժգոհ։
Հարցմանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի 1030 բնակիչ։ Հետազոտությունն անցկացվել է սեպտեմբերի 7-ից 18-ը։





























