ԱՄՆ ՀԴԲ-ն հետաքննում է ShinyHunters հաքերային խմբավորման հայտարարությունները FBIJobs.gov պորտալի կոտրման և գերատեսչության աշխատակիցների տվյալների, դրանց թվում՝ գործակալների անձնական տեղեկությունների գողության վերաբերյալ, հայտնում է NBC News-ը։
Բյուրոն առայժմ չի պարզել, թե արտահոսքը կոնկրետ որտեղ է տեղի ունեցել՝ սեփական ենթակառուցվածքո՞ւմ, թե՞ պորտալը սպասարկող երրորդ կողմի մատակարարի մոտ։
«ՀԴԲ-ին հայտնի է կիբերհանցավոր խմբավորման հայտարարության մասին, որը պնդում է, թե կոտրել է FBIJobs.gov պորտալը և ՀԴԲ աշխատակիցների անձնական տեղեկություններին հասանելիություն է ստացել»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ Բյուրոյում ընդգծել են, որ ակտիվորեն հետաքննում են միջադեպը և համագործակցում են պորտալի աշխատանքն ապահովող երրորդ կողմի ընկերությունների հետ՝ հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։
ShinyHunters-ը, որը հայտնի է տվյալների գողության և հետագա շանտաժի նպատակով ընկերությունների վրա իր հարձակումներով, հայտարարել է, որ երկուշաբթի ստացել է պորտալ մուտք, ապա ներթափանցել գերատեսչության այլ համակարգեր։ Խմբավորման ներկայացուցիչը պնդում է, որ հաքերները 2-3 տերաբայթ ֆայլ են հափշտակել։ NBC News-ը չի կարողացել հաստատել այս հայտարարությունների մասշտաբը։ Իսկ FBIJobs.gov պորտալը ներկայում անհասանելի է։
Ըստ ShinyHunters-ի՝ հարձակումը պատասխան է դարձել մայիսին ՀԴԲ-ի խմբավորման գործունեության մասին հրապարակած տեղեկատվական հաղորդագրությանը։ Հաքերները հայտարարել են, որ այդ հրապարակումը ապատեղեկատվություն են համարում, և սպառնացել են մեկ շաբաթ անց հրապարակել գողացված տվյալները, եթե գերատեսչությունը հետ չկանչի հաղորդագրությունը։
ՀԴԲ-ի կիբեռանվտանգության գծով նախկին փոխտնօրեն Սինթիա Կայզերը, որն այժմ աշխատում է Halcyon ընկերությունում, հնարավոր արտահոսքը լուրջ սպառնալիք է անվանել։ Նա նշել է, որ աշխատակիցների տնային հասցեների, ամուսինների մասին տեղեկությունների և այլ անձնական տվյալների բացահայտումը կարող է ռիսկեր ստեղծել հենց գործակալների և նրանց ընտանիքների համար։
Միաժամանակ Կայզերը նշել է, որ ShinyHunters-ը, հավանաբար, իսկապես որոշակի հասանելիություն է ստացել համակարգերին, սակայն նման տիպի կիբերհանցավոր խմբավորումները հաճախ չափազանցնում են իրենց հարձակումների մասշտաբը։
ShinyHunters-ը տարբեր երկրներում գործող մասնակիցների տարանջատված ցանց է։ Ավելի վաղ՝ սեպտեմբերին, Anthropic ընկերությունը հայտնել էր, որ դեկտեմբերից ի վեր բազմիցս բացահայտել և արգելափակել է ShinyHunters-ի հետ կապված խմբերի, որոնք փորձել էին օգտագործել նրա արհեստական բանականության տեխնոլոգիաները հաքերային գործողություններ իրականացնելու համար։
Կայզերի պնդմամբ՝ ՀԴԲ-ի հետ հրապարակային հակամարտությունը կարող է ուժեղացնել ամերիկյան իրավապահ մարմինների ուշադրությունը խմբավորման նկատմամբ և հանգեցնել դրա հետապնդմանն ուղղված ռեսուրսների ավելացմանը։ ShinyHunters-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ հաքերները գիտակցում են այդ ռիսկը և պնդում են, որ հարձակումը դեռ մայիսից են պատրաստել։


























