Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ընթացքում կտրուկ քննադատել է կազմակերպությանը՝ այն անվանելով «անօգուտ» և մեղադրելով միջազգային հակամարտությունների, ահաբեկչության և մարդու իրավունքների խախտումների առջև անգործության մեջ։
Միլեյը նշել է, որ ՄԱԿ-ը չի կատարել կոլեկտիվ անվտանգության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության իր հիմնական խնդիրը, ինչի հետևանքով աշխարհում տարածում են ստացել «քաոսը, բռնությունը և միջազգային ահաբեկչությունը»։
«ՄԱԿ-ը վերածվել է անօգուտ կազմակերպության, որը ծառայում է միայն մահացու մեծամիտ մակաբույծների կաստայի պահպանմանը, որոնք քողարկված են բարի մտադրություններով պաշտոնյաների կերպարի տակ»- հայտարարել է Արգենտինայի նախագահը։
Միլեյը ՄԱԿ-ին մեղադրել է նաև այն բանում, որ կազմակերպությունն «աչք է փակում» Ֆոլքլենդյան կղզիների վերաբերյալ Արգենտինայի տարածքային պահանջների վրա՝ ուղղված Մեծ Բրիտանիային։ Արգենտինայում դրանք անվանում են Մալվինյան կղզիներ։ Բուենոս Այրեսը արշիպելագը համարում է իր տարածքը։
Արգենտինան ավելի վաղ Մեծ Բրիտանիային մեղադրել էր ՄԱԿ-ի այն բանաձևի խախտման մեջ, որը կոչ է անում երկու կողմերին զերծ մնալ կղզիների վերաբերյալ միակողմանի գործողություններից։ Արշիպելագի պատկանելության շուրջ վեճի պատճառով 1982 թվականին երկու երկրների միջև պատերազմ է տեղի ունեցել, որն ավարտվել է Մեծ Բրիտանիայի հաղթանակով։
«Նրանք, ովքեր պահպանում են կանոնները, դրա համար ոչ մի պարգև չեն ստանում, մինչդեռ խախտողները չեն բախվում որևէ հետևանքի»,- ասել է Միլեյը։





























