Գիտնականները Թագավորների հովտում Թութանհամոնի դամբարանի հարևանությամբ հայտնաբերել են միջանցքների և սենյակների անհայտ համալիրի գոյության նոր նշաններ։ Հետազոտողները կարծում են, որ թաքնված տարածքները կարող են լինել ավելի մեծ արքայական դամբարանի մաս, որը գոյություն է ունեցել մինչև երիտասարդ փարավոնի հուղարկավորությունը, գրում է Daily Mail-ը։

Վարկածներից մեկը դա կապում է Նեֆերտիտի թագուհու հետ, սակայն դա հաստատել առայժմ հնարավոր չէ։

Թութանհամոնի դամբարանը, որը 1922 թվականին հայտնաբերել էր Հովարդ Քարթերը, արքայական հուղարկավորության համար անսովոր փոքր է։ Հենց այս հանգամանքն է արդեն երկար տարիներ եգիպտագետներին ստիպում ենթադրել, որ դրա պատերի հետևում կարող են լինել այլ սենյակներ։

Նոր աշխատանքը միավորել է մի քանի գեոֆիզիկական հետազոտությունների արդյունքները։ Գիտնականները կիրառել են գեոռադար՝ դամբարանի ներսից ուսումնասիրելով պատերը, ինչպես նաև միկրոգրավիմետրիկ նկարահանում՝ մեթոդ, որը թույլ է տալիս բացահայտել հողի խտության փոփոխությունները Երկրի գրավիտացիոն դաշտի փոքր տատանումների միջոցով։ Ընդհանուր առմամբ հետազոտողները ստացել են ավելի քան 1200 չափում՝ մոտ 35 քառակուսի մետր տարածքով հատվածում։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ տվյալները վկայում են մոտ երկու մետր լայնությամբ հնարավոր միջանցքի մասին, որը լցված է ապարային բեկորներով և հեռանում է թաղման խցիկից։ Դրա հետևում կարող են լինել ուղիղ անկյուններով մի քանի արհեստական սենյակներ։ Դրանցից մեկը հատկապես հետաքրքրել է հետազոտողներին. նվազ խտությամբ գոտու ներսում հայտնաբերվել է բարձր խտությամբ հատված, որը տեսականորեն կարող է համապատասխանել իրերով լցված սենյակին։

Միևնույն ժամանակ մասնագետներն ընդգծում են, որ կիրառված մեթոդների հնարավորությունների սահմանին են գտնվում։ Այլ գեոֆիզիկոսներ արդյունքները անվանել են հետաքրքրաշարժ և հավաստի, սակայն կարծում են, որ առկա տվյալները բավարար չեն վերջնական եզրակացության համար։

Այն վարկածը, թե Թութանհամոնի դամբարանը կարող է թաքցնել Նեֆերտիտիի թաղումը, առաջ էր քաշվել դեռևս 2015 թվականին։ Բրիտանացի եգիպտագետ Նիկոլաս Ռիվզը ուշադրություն էր հրավիրել թաղման խցիկի հյուսիսային պատի առանձնահատկությունների, ճաքերի և հին որմնանկարների փոփոխությունների վրա։ Նա ենթադրել էր, որ պատը կարող է կեղծ լինել, իսկ դրա հետևում կան ավելի խորը սենյակներ։

Նոր վարկածը նույնպես հենվում է դամբարանի ճարտարապետության վրա։ Հետազոտողները նշում են, որ դրա հատակագիծը տարբերվում է այդ ժամանակաշրջանի արքայական հուղարկավորություններին բնորոշ տիպական կառուցվածքից և ունի XVIII դինաստիայի կանանց դամբարաններին բնորոշ առանձնահատկություններ։ Այդ հիմքով նրանք ենթադրում են, որ սկզբնապես համալիրը կարող էր նախատեսված լինել փարավոնի կարգավիճակ ունեցող կնոջ համար։ Նրանց կարծիքով՝ այս չափանիշներին ամենից շատ համապատասխանում է Նեֆերտիտին։

Եթե թաքնված սենյակներն իսկապես գոյություն ունեն և կապված են KV62-ի՝ Թութանհամոնի դամբարանի հետ, ապա դրանք կարող էին անձեռնմխելի մնացած լինել ավելի քան երեք հազար տարի։ Սակայն այս վարկածը ստուգելու համար անհրաժեշտ կլինի ֆիզիկական մուտք ենթադրվող խցիկներ։

Հետագա հետազոտությունների վերաբերյալ որոշումը պետք է ընդունի Եգիպտոսի հնությունների գերագույն խորհուրդը։ Եթե թույլտվություն ստացվի, գիտնականները ծրագրում են օգտագործել տեսախցիկներով փոքրիկ ռոբոտներ, որոնց հնարավոր կլինի զգուշորեն ուղղորդել փորված անցքերի միջոցով։ Հետազոտության համահեղինակ Ջորջ Բալարդի խոսքով՝ նման աշխատանքները կարող են սկսվել նոյեմբերին։