Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Լեհաստանում ամերիկացի զինծառայողների մշտական ներկայության, ինչպես նաև ներդրումների հարցը։ Դրա մասին հայտարարել է նախագահի Միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մարչին Պշիդաչը, հայտնում է Onet-ը։
Նա նշել է, որ Նավրոցկին կնոջ հետ նախօրեին մասնակցել է Թրամփի կազմակերպած ընթրիքին, որտեղ Լեհաստանի նախագահը նաև անմիջական զրույց է ունեցել իր ամերիկացի գործընկերոջ հետ։
«Միանգամայն ակնհայտ է, որ նախագահների միջև կան լավ անձնական հարաբերություններ»,- չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է Պշիդաչը։ Նրա ասելով՝ առաջնորդների անձնական հարաբերությունները «միշտ արտացոլվում են կոնկրետ արդյունքներում», որոնց մասին էլ խոսել է Լեհաստանի նախագահը։
Պշիդաչը ճշտել է, որ քննարկված հարցերի թվում եղել է Լեհաստանի տարածքում ամերիկացի զինծառայողների մշտական ներկայությունը։ Բացի դրանից, նախագահները խոսել են ներդրումների մասին։
Ավելի վաղ Նավրոցկին բազմիցս հանդես է եկել Լեհաստանում ամերիկյան ռազմական ներկայության ուժեղացման օգտին՝ այն դիտարկելով որպես երկրի անվտանգության տարրերից մեկը։ Վարշավայում շահագրգռված են նաև պաշտպանության և տնտեսության ոլորտներում ԱՄՆ-ի հետ համագործակցության հետագա ընդլայնմամբ։





























