Հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը նորմալ է, ճնշումը 90/60 է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը, հավելելով, որ նա կարողանում է խոսել, բայց լրագրողների հետ շփումը սահմանափակ է:

Մեր այցելության ժամանակ Անդրիաս Ղուկասյանի կողքին էր նրա կինը` Անահիտ Թարխանյանը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նորմալ է վերաբերում ամուսնու քայլին, չի համոզում նրան հետ կանգնել դրանից, աջակցում է ամեն ինչով: «Ինքը ճիշտ պայքարի մեջ է, եւ երբ մարդ ունենում է նպատակ, իսկ իր նպատակը` ժողովուրդն է, եւ ինքը պատրաստ է հանուն ժողովրդի ինչ-որ բաներ զոհել, երբ հոգեւոր տառը շատ բարձր է, ինձ թվում է` ամեն ինչ շատ լավ կլինի»,- ասաց Անահիտ Թարխանյանը: Հարցին, թե այսպես ինչքան կարող է շարունակվել, նա պատասխանեց. «Ինչքան որ անհրաժեշտ լինի»:

Ի դեպ, մեր այցելության ժամանակ Անդրիաս Ղուկասյանին այցելելու էին եկել ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը եւ Արմեն Ռուստամյանը: Նրանք մտան վրան, զրուցեցին Անդրիաս Ղուկասյանի հետ, հարցրեցին որպիսությունը, խորհուրդներ տվեցին, ինչպես նաեւ զրուցեցին հերթապահություն իրականցնող «Շտապօգնության» բրիգադի հետ:

Աղվան Վարդանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այսօր Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը, երեկվա համեմատ, նորմալ է: «Ամեն մարդ ինքն է որոշում պայքարի իր ձեւերը, մեթոդները: Մի բան կարող եմ ասել, որ եթե ինքը որոշել է այդպես վարվել, որեւէ մեկն իրավունք չունի նրան հակառակում համոզել եւ իմաստ էլ չկա: Մենք զգուշացրել ենք, որ ուշադիր լինի եւ հանկարծ առողջությանն անդառնալի վնասներ չհասցնի: Նաեւ գիտակցում ենք, որ մարդն իր որոշումն ունի,  հաստատակամ է մինչեւ ընտրությունների օրը այստեղ անցկացնել»,- ասաց պատգամավորը: Աղվան Վարդանյանը նշեց, որ հացադուլը քաղաքական պայքարի ձեւ է, բայց եթե ինքը համարեր դա լավագույն լուծումը, դրանով կզբաղվեր:

Բժիշկների հետ զրուցելուց հետո ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը NEWS.am-ի թղթակցին ասաց, որ բժիշկները եւս շատ մտահոգված են, քանի որ կարող է անդրադառնալ ներքին օրգանների վրա: «Մինչեւ 10 օր ջրով հնարավոր է, բայց դրանից հետո սկսում են լուրջ պրոցեսներ, որոնք արտաքուստ կարող են չերեւալ, բայց մեծ հարված հասցնել առողջությանը»,- ասաց նա:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ Անդրիաս Ղուկասյանը անալիզներ է հանձնել, սակայն դեռ պատասխանները չի ստացել: ՀՅԴ-ական պատգամավորներին նախագահի թեկնածուն հայտնել է, որ մտադիր է պայքարը շարունակել մինչեւ վերջ: «Ցավալի է, եթե առողջական խնդիրնբեր առաջանան: Այսպիսի խիզախ, անձնվեր մարդիկ մեզ պետք են, ավելի երկար պայքար է սպասվում, կարճ ժամկետների համար չեն»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ից Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել ԳԱԱ-ի առաջ: Երեկ կտրուկ վատացել էր նրա առողջական վիճակը, նույնիսկ չէր կարողանում խոսել լրագրողների հետ: Ավելի ուշ  Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը  համեմատաբար կայունացել էր, սակայն դեռ չէր կարողանում հաղորդակցել լրագրողների հետ: Նախագահի թեկնածուի մոտ շուրջօրյա հերթապահություն են իրականցնում ոչ միայն նրա շտաբի ներկայացուցիչները, այլեւ «Շտապօգնության» բրիգադը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am