Որոշում չի ընդունվել Հայ ազգային կոնգրես դաշինքը վերածել կուսակցության, նման որոշում չկա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ համակարգող, համանուն խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա նշեց, որ կա որոշում ստեղծել նոր քաղաքական միավոր եւ այդ միավորով շարունակել համագործակցությունը բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են պայքարը շարունակել: Նա նշեց, որ ՀԱԿ անդամ բոլոր կուսակցություններին առաջարկելու են միավորվելու հնարավորություն, եւ որեւէ խնդիր չկա, եթե որեւէ կուսակցություն չմիանա իրենց: «Նրանք, ովքեր ցանկանում են միավորվել, այդ հնարավորությունը պետք է տրվի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀԱԿ անդամ մի քանի կուսակցությունների, որոնք արդեն հայտարարել են, որ նման հարց իրենց օրակարգում չկա, օրինակ՝ ՀԺԿ, ՍԴՀԿ, նա նշեց, որ չի բացառվում, որ ապագայում տեսնելով, որ այս գործընթացները արդյունավետ են գնում, նույն կուսակցությունները կարող են փոխել իրենց որոշումը:
Լեւոն Զուրաբյանը շեշտեց, որ կուսակցություն ստեղծելու որոշումը ոչ մի բան չի փոխելու Կոնգրեսի կառուցվածքի մեջ, ՀԱԿ խմբակցության կազմը չի փոխվելու: «ՀԱԿ խմբակցությունը դաշինքի խմբակցությունն է, հարցերը լուծվում են խմբակցության ներսում: ՀԱԿ կուսակցությունը չի միջամտելու ՀԱԿ-խմբակցության գործերին»,- ասաց նա:
Նոր ստեղծվելիք կուսակցությունում, Լեւոն Զուրաբյանի խոսքով, մի շարք կազմակերպական ձեւերի, մեխանիզմների շնորհիվ կարող են կապանքներից ազատվել, մասնավորապես՝ այս պարագայում ոչ ոք, այդ թվում՝ կուսակցության ղեկավարը, վետոյի իրավունք չի ունենալու: Լեւոն Զուրաբյանը շեշտեց, որ ՀԱԿ քաղխորհրդի նիստերում իրենք բազմիցս կանգնել են այդ խնդրի առաջ, երբ, իր խոսքով, մեկ մարդ-կուսակցություն վետոյի իրավունքով տապալել է քաղխորհրդի աշխատանքները:











