«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը մեկօրյա հացադուլից հետո այսօր` փետրվարի 8-ին, ժամը 17.00-ին, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ֆոտոռեպորտաժ): ԿԸՀ-ի առաջ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ չի սպասելու ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու վերաբերյալ Պարույր Հայրիկյանի դիմումին, քանի որ ՍԴ-ն կարող է մերժել այն, իսկ այդ դեպքում ինքը կարող է չհասցնել եւ մնալ քվեաթերթիկում: «Հայրիկյանն ուշացել է, կամ միգուցե շտապում է, ես ճիշտ ժամին եմ տալիս»,- ասաց նա:
Նրա մեկօրյա հացադուլը նպատակ ուներ կոչ անել նախագահի թեկնածուներին` հանել իրենց թեկնածությունը եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին քվեաթերթիկում թողնել միայնակ, սակայն ոչ ոք այդպես էլ չի միացել նրա կոչին, եւ նա առայժմ միակն է, ով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Արամ Հարությունյանը նշեց, որ փետրվարի 19-ից հետո ամեն ինչ սկսվելու է, եւ մենք տեսնելու ենք,թե ինչպես են «կակազում» քվեաթերթիկում մնացած թեկնածուները:
Արամ Հարությունյանը մեկօրյա հացադուլիցի հետո պատրաստվում է գնալ եւ քալագոշ ուտել: Նրա ինքնաբացարկի դիմումն ընդունել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, ով ասաց, որ դիմումը կքննարկվի այսօր ժամը 18.30-ին կայանալիք ԿԸՀ նիստում:











