NEWS.am-ին հաջողվել է պարզել ԱԺ ներխուժած եւ հրազենային վնասվածք ստացած տղամարդու ինքնությունը: Նրան տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հիվանդանոց է տեղափոխվել 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյան, ով Մասիս քաղաքի բնակիչ է: Նա նշեց, որ հիմա հետազոտում են, վիճակը միջին ծանրության է, ազդրի վերին երրորդականի հրազենային միջանցիկ վնասվածք է ստացել:

Հետազոտությունից հետո մասնագետները կորոշեն, թե ինչ անել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Ազգային ժողովի բակում արտակարգ դեպք է գրանցվել:

ԱԺ-ի NEWS.am-ի աղբյուրները հայտնել են, որ ժամը 14:30-ի սահմաններում, միջին տարիքի մի տղամարդ դանակով ներխուժել է Ազգային ժողովի բակ եւ սպառնալիքներ հնչեցնելով հասել մինչեւ աստիճանների մոտ:

Ոստիկանության աշխատակիցները նրան հրահանգել են դանակը նետել, նա չի ենթարկվել: Ոստիկանները կապվել են խորհրդարանի շենքի անվտանգության աշխատակիցներին, վերջիններս եկել են, օդ են կրակել, սակայն տղամարդը չի ենթարկվել, որից հետո ոստիկանները ստիպված են եղել կրակել նրա ոտքին:

Մինչ «Շտապօգնության» ժամանումը, վիրավորին առաջին բուժօգնություն է ցուցաբերել Ազգային ժողովի բժշկուհին:

Վիրավոր տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, իսկ ԱԺ-ի տարածքը գտնվում է իրավապահների խիստ հսկողության ներքո:

Ազգային անվտանգության ծառայությունից հրահանգել են ոչ ոքի դուրս չթողնել ԱԺ-ից, քանի որ դեպքի վայրում զննություն է իրականացվում: Շենքի մոտ ԱԱԾ աշխատակիցներ են կանգնած, որոնք արգելում են լրագրողների ելքը ԱԺ շենքից:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am