Արթիկի առաջնորդանիստ եկեղեցում, մարտի 31-ին, զատկական հանդիսավոր Ս. Պատարագ է մատուցել թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Նա արարողության ընթացքում ներկաներին է փոխանցել Գարեգին Բ-ի Ս. Հարության պատգամը:
Նույն օրը` երեկոյան, տեղի է ունեցել Վարագատան Ս. Խաչի օծման արարողությունը: Խաչը պատրաստվել էր Արթիկցի բարերարներ Դավիթ, Խաչիկ, Մխիթար եւ Գառնիկ Վարագյաններ եղբայրների անմիջական ջանքերով, որոնք նաեւ համալիրի բարերարներն են: Մայր Աթոռի միաբանները եւ թեմի հոգեւորականները նախ գինով եւ ջրով լվացել են խաչը, որից հետո թեմի առաջնորդ Հովակիմ Սրբազանը սրբալույս մյուռոնով օծել է այն: Այնուհետեւ Սրբազան Հայրն իր ոգեշունչ քարոզում անդրադարձել է խաչի խորհրդի նշանակությանը` ուրախություն հայտնելով, որ տարածաշրջանում վերջերս կանգնեցվել ու օծվել են շատ խաչեր ու խաչքարեր` ի նշան մեր ժողովրդի հավատքի վերազարթոնքի:
Նա հույս է հայտնել, որ խաչի տեղադրումը խթան կհանդիսանա եւ նոր ոգեւորություն, խանդավառություն կառաջացնի նրանց մոտ` առավել մոտենալու Աստծուն եւ Հայ Եկեղեցուն:
Արարողությունից հետո ժողովրդին բաժանվել է օրհնված մատաղ:
Օծման արարողությանը ներկա են եղել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Ազգային Ժողովի պատգամավորներ, Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը, մշակույթի եւ արվեստի գործիչներ, հավատացյալ հայորդիներ եւ ուխտավոր արթիկցիներ:

























