ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Լեռնային Ղարաբաղ այցի շրջանակում նրանք հնարավոր է հանդիպեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ համանախագահները տարածաշրջան իրենց նախորդ այցելության ժամանակ եղել էին Ստեփանակերտում եւ Երեւանում: Բաքու այցելությունը հետաձգվել էր ադրբեջանական կողմի խնդրանքով՝ կապված Նովրուզի տոնակատարության հետ:

Այս անգամ համանախագահներն իրենց այցելությունն սկսել են բաքվից: Ապրիլի 2-ին նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ապրիլի 4-5-ին ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտ-Թարթառ եւ Աղդամ - Բարդա ուղղություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Նախատեսվում է, որ դիտարկման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհատեն շփման գիծը ականազերծված տեղանքով: