Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» հինգերորդ միջազգային մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 10-ին, Գյումրիի դրամատիկական թատրոնում, իսկ հաղթողների մրցանակաբաշխությունը եւ գալա համերգը՝ ապրիլի 18-ին: Մրցույթ-փառատոնը նվիրված է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին եւ Սպիտակի երկրաշարժի 25 տարելիցին եւ անցկացվում է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:
«Վերածնունդ» մրցույթ-փառատոնը անցկացվում է «Գյումրին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում:
Ապրիլի 2-ին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղում տեղի է ունեցել «Վերածնունդ» միջազգային հինգերորդ մրցույթ-փառատոնի Կազմկոմիտեի նիստը, որի ժամանակ հայտարարվել է ժյուրիի կազմը, մրցույթի անցկացման համերգային դահլիճները:
Երաժշտական մրցույթները կանցկացվեն ապրիլի 11-17-ը՝ Գյումրի քաղաքում: Ժյուրիի կազմում են հանրահայտ կատարողներ, նշանավոր արվեստագետներ (ժյուրիների կազմերը ներկայացվում են առանձին):
Ըստ կազմկոմիտեին ներկայացված հայտերի՝ երաժշտական մրցույթին մասնակցելու են 2415 երաժիշտ կատարողներ՝ աշխարհի 30 երկրներից:
Մրցույթներն անցկացվում են 13 անվանակարգերում՝ 5 տարիքային խմբերով: Ամենակրտսեր մասնակիցը 5 տարեկան է, ամենամեծը՝ 51:
Իրենց անվանակարգերում բացարձակ 13 հաղթողները կարժանանան Մեծ մրցանակի, իսկ 48 ենթաանվանակարգերում հաղթողները՝ առաջին, երկրորդ, երրորդ կարգի մեդալների, դիպլոմների եւ «Վերածնունդ» միջազգային հինգերորդ մրցույթ-փառատոնի դափնեկրի կոչման:
Մրցույթ-փառատոնի մասնակիցների համար սահմանված է նաեւ բազմաթիվ այլ մրցանակներ եւ հուշանվերներ:
Սահմանված են Հատուկ Մրցանակներ անվանի երաժիշտներ Էդվարդ Միրզոյանի, Ֆլորա Մարտիրոսյանի, Ժան-Տեր Մերկերյանի, Երեւանի պետական կոնսերավատորիայի Գյումրու մասնաճյուղի պրոֆեսոր, Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, երջանկահիշատակ Սամվել Ադամյանի, Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կլարնետահար Աբգար Մուրադյանի անուններով:
«Վերածնունդ» միջազգային հինգերորդ մրցույթ-փառատոնի Կազմակերպիչներն են՝
Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը,
ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը: Գլխավոր հովանավորներն են ՎիվաՍել-ՄՏՍ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ եւ «ՀայՌուսգազարդ» ընկերությունները:




























